ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՍՊՈՐՏԸ ԾԱՆՐ ԿՈՐՈՒՍՏ ԿՐԵՑ

10:57 - 14 Դեկ, 2023

Կյանքի 86 -  րդ տարում իր մահկանացուն կնքեց Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, Խորհրդային Միության վաստակավոր մարզիչ Միքայել Սիսակի Իսպիրյանը:

Նա ահռելի ներդրում է ունեցել Հայաստանում  ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայականացման, զարգացման  ու նվաճումների գործում:   

Միքայել Իսպիրյանի կենսագրության թվագրությունն  ինքնին վկայում է նրա ով լինելը: Ծնվել է 1937թ. հուլիսի 8 –ին:Երևանի թիվ 40 միջնակարգ դպրոցի , ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ է:Աշխատել է մայրաքաղաքի 26 կոմիսարների շրջանի կոմերիտմիության առաջին քարտուղար և Հայաստանի կոմերիտմիության կենտկոմի բաժնի վարիչ: 1967 – 1977թթ. եղել է համամիութենական կոմերիտմիության կենտկոմի պատասխանատու կազմակերպիչ,ապա` Մոսկվայից հրավիրվել է Երևան և աշխատել որպես ՀԿԿ կոմկուսի կենտկոմի սեկտորի վարիչ / 1977 – 1981թթ./: Այնուհետև 1981 – 2018թթ.  տեղափոխումներով  աշխատել է հայսպորտպետկոմի նախագահի առաջին տեղակալ,  նախագահի պաշտոնակատար և ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պրոռեկտոր: Ընտրվել է ՀԱՕԿ –ի նախագահի առաջին տեղակալ, պատվավոր անդամ, ԽՍՀՄ մենապայքարային և կիրառական մարզաձևերի ֆեդերացիայի փոխնախագահ / 1967 – 1968թթ. /, ԽՍՀՄ ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ / 1969 – 1984թթ / ,  << Հայկական համառոտ հանրագիտարանի >> գիտական խորհրդատու, ՀՀ լեզվի պետական տեսչության հայերենի բարձրագույն խորհրդի մարզական տերմինաբանության հանձնաժողովի նախագահ, ֆիզկուլտուրային մայր բուհի կառավարման խորհրդի նախագահ և պատասխանատու քարտուղար:

Ազատ ոճի ըմբշամարտից ՀՀ բազմակի չեմպիոն է, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ և ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ է:

Պատմագիտության դոկտոր- պրոֆեսոր է , ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս:  

 Միքայելի Իսպիրյանը Հայաստանի մարզական հանրագիտարանի, ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և օլիմպիական շարժման պատմությունների, ազգային մարզական տերմինաբանության , ֆիզկուլտուրայի և սպորտի կառավարման ու իրավական հիմունքների գիտական ուղղությունների առաջին հեղինակներից է: 150 –ից ավելի գիտական հոդվածների և 19 ծավալուն մենագրությունների, ուսումնական ձեռնարկների ու դասագրքերի հեղինակ է: Ղեկավարել է ֆիզկուլտուրային և սպորտին վերաբերող օրենքների ստեղծման հանձնաժողովները:

 Մ. Իսպիրյանը հայերեն թարգմանել է << Օլիմպիական մարտերի հերոսները >>, << Նաստրադամուս >> , << Բերմունդյան եռանկյունի >> գրքերը, գրախոսել և խմբագրել է շուրջ 180 գրքեր: Նա ԽՍՀՄ –ում և աշխարհի բազմաթիվ երկրներում անցկացվող պատանի ֆուտբոլիստների << Կաշվե գնդակ >>, պատանի հոկեյիստների << Ոսկե տափօղակ >>, մի քանի այլ պատանեկան խաղերի, ինչպես նաև ֆուտբոլի և այլ մարզաձևերի վետերանների հավաքական թիմերի ստեղծման ու մրցումների կազմակերպման առաջին հեղինակներից է:

 Միքայել Իսպիրյանը 1998թ.  Հայաստանի ժողովրդական քանդակործ Լևոն Թոքմաջյանի հետ, վերջինիս հեղինակած  հին հունական օլիմպիական խաղերի բռնցքամարտի չեմպիոն Վարազդատ Արշակունու մարմարե կիսանդրին Երևանից տեղափոխել և տեղադրել են Հունաստանի Օլիմպիա ավանի օլիմպիական խաղերի անցկացված վայրում:Կիսանդրու բացման հանդիսավոր արարողության ժամանակ, որին ներկա են եղել  69 պետությունների օլիմպիական ակադեմիաների շուրջ 250 ղեկավարներ, Մ. Իսպիրյանը հանդես է եկել բացման խոսքով:

Մեծանուն գիտնականն  արժանացել է ԽՍՀՄ << Պատվո նշան >> երկու շքանշանների, ՀԱՕԿ –ի ոսկե շքանշանի, << Վարազդատ Արշակունի >> , << Հրանտ Շահինյան >>  և բազմաթիվ այլ մեդալների ու պարգևների:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի աշխատակազմը ցավակցում է հանգուցյալի ընտանիքին, բարեկամներին և  մարզաշխարհի մարդկանց:

Միքայել Իսպիրյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝  դեկտեմբերի 14 –ին, Ջրվեժի սգո սրահում, ժամը 18 –ից: Հուղարկավորությունը  վաղը`   իր ծննդավայր Գառնիի գերեզմանատանը:

 

 

Այլ նորություններ