ՍՊԱՌԻՉ ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱ ՔԱԹԱՐԻ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ

14:27 - 28 Նոյ, 2023

Գուցե տարօրինակ հնչի, եթե  ասենք, որ մարդը  ջրում  նույնպես քրտնում է: Համենայնդեպս Հայաստանի լողի հավաքականը նպատակային, քրտնաթոր պարապմունքներ է անցկացնում  երևանյան մարզումներում: Իսկ պարապմունքներն ընթանում են Դավիթ Համաբարձումյանի անվան մարզադպրոցի,  << Նեպտուն >>, << Ռիբոկ >> և << Գրանդ սպորտ >>  լողավազաններում:

- Ուզում ենք լավ մարզավիճակով  ներկայանալ  Բուխարեստում դեկտեմբերի հինգին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը, -ասում  է հավաքականի գլխավոր մարզիչ Արման Վահանյանը: - << Կարճ ջուր >>անունն է կրում այդ ստուգատեսը, որովհետև  մրցաշարը կանցկացվի 25 մետրանոց լողավազանում:

Ռումինիա կուղեկցենք  վեց  մարզիկ- մարզուհու: Մեր սաները չեն ցանկանում  հետին  դիրքերում լինել: Այնուամենայնիվ, ունեն պատասխանատվության զգացում:

Թիմի կեսը համալրված է  պատանի լողորդներով:  Նպատակ ունենք հարստացնել  հերթափոխի մրցափորձը:

Արթուր Բարսեղյանը իր հմտությունները կդրսևորի 50մ., 100մ. ազատ, բատերֆլայ լողաոճերում և 50 մ. թիկնալողում:

Պատանիներից Աշոտ Չախոյանը կմրցի 50մ. և  100մ.՝  բրասում, իսկ Լևոն Քոչարյանը ՝  50մ., 100մ. և 200մ. ազատ ոճում:

Փորձառու մարզուհիներ Վարսենիկ Մանուչարյանը կլողա 50մ., 100մ. բատերֆլայ և 100մ. բրաս ոճով, իսկ Անի Պողոսյանը ՝ 50մ., 100մ. և 200մ.ազատ ոճում: Նրանց պատանի թիմակցուհի Եվա Կարապետյանը հանդես կգա 50մ. և 100մ.՝   բատերֆլայում:

Մեր թիմը ուժերը կփորձի նաև  4  X  50մ. խառը, ինչպես նաև համալիր լողաոճերում: Կարծում եմ,  քառյակները ջանք չեն խնայի հույսերն արդարացնելու  համար:

- Ինչ կասեք Փարիզի օլիմպիական խաղերում լինել – չլինելու մասին:

- Այդ հարցին սպառիչ պատասխան կտա Քաթարի Դոհա քաղաքում  եկող տարվա փետրվարի 2 – 18 –ը անցկացվելիք աշխարհի առաջնությունը: Այնտեղ հաջողության հասնելու նպատակ են հետապնդում  մինչև հիմա կատարված և հաջորդող բոլոր աշխատանքները: Ցանկանում ենք մեր մասնակիցներն ունենալ Փարիզում  կայանալիք համաշխարհային գլխավոր մարզահանդեսում:

Այլ նորություններ