Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում անցկացվել է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի / IWF / կոնգրեսը: Միաձայն հաստատվել է երկու հիմնական փաստաթուղթ՝ 2024-2032թթ. ռազմավարական ծրագիրը և կանոնադրության վերանայումը:
IWF-ի նախագահ Մուհամմեդ Ջալուդն ընդգծել է պահի կարևորությունը. << Մենք վճռական ենք ծանրամարտի առաջընթացը զարգացնելու գործում: Երախտապարտ եմ հինգ մայրցամաքների անդամ ազգային ֆեդերացիաներին, ովքեր հստակ գիտեն, թե որոնք են մեր առաջնահերթությունները:
Ռազմավարական առաջին ծրագիրը ստացել է մեծ աջակցություն, քանզի 114 պատվիրակներ հաստատել են կարևոր ճանապարհային քարտեզը >>:
Ներկաներին կոչ է արվել չննջել դափնիների վրա: Շատ նոր մարզաձևեր ցանկանում են միանալ օլիմպիական ընտանիքին: Պետք է պայքարել ամեն օր, ձգտել գերազանցության, վեհացնող մրցելույթների, ինչպես շարունակաբար անում են երկաթախաղի վարպետները: Պետք է ոգեշնչվել մարզաձևի հանդեպ նրանց նվիրվածությունից: Այս ամենը պետք է անել միասնության, համերաշխության և փոխադարձ աջակցության ոգով։
Հաստատվել է նաև սահմանադրությունը: Հատուկ փոփոխությունները հստակեցնում են ազգային ֆեդերացիաների անդամակցության ընթացակարգը, կանոնակարգերը և այլն:
Կոնգրեսը հաստատել է 2022 - ի ֆինանսական հաշվետվությունները, տեխնիկական, բժշկական, մարզչական, հետազոտական, զարգացման և կրթական ծրագրերի և մարզիկների հանձնաժողովների զեկույցները:
Կոնգրեսի աշխատանքներին մասնակցել է նաև ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, միջազգային կարգի մրցավար Փաշիկ Ալավերդյանը: