Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի / IWF / ղեկավարությունը ստեղծել է բարեփոխումների և կառավարման հանձնաժողով, որը պատասխանատու կլինի կազմակերպության նոր կանոնադրության մշակման համար: Այս մասին հայտնում է IWF- ի մամուլի ծառայությունը:
Հանձնաժողովի նախագահ է ընտրվել ավստրալացի Դարեն Չարլզ Քեյնը, ով լողի միջազգային ֆեդերացիայի / FINA / իրավաբանական հանձնաժողովի անդամ է:
Նախատեսվում է, որ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը կմշակվեն մինչև 2021թ․ հունվարի 22-ը: Դրանք պետք է ուղարկվեն IWF- ի անդամ ֆեդերացիաներին՝ ընտրական բարեփոխումների համագումարից երկու ամիս առաջ։ Համաժողովը նախատեսված է 2021թ․ մարտի 24-ին:
Հանձնաժողովի կազմում ընդգրկվել է նախկին մարզուհի, Պանամայի օլիմպիական կոմիտեի իրավախորհրդատու Դամարիս Իցել Յանգ Արանդան, 400 մ վազքի օլիմպիական բրոնզե մեդալակիր, աթլետիկայի միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, կոլումբիացի Հիմենա Ռեստրեպոն: Հանձնաժողովի խորհրդատու է նշանակվել ամառային օլիմպիական միջազգային ֆեդերացիաների ասոցիացիայի / ASOIF / ներկայացուցիչ Ջեյմս Կարրը։
Ավելի վաղ միջազգային օլիմպիական կոմիտեն / ՄՕԿ / քննարկել էր ծանրամարտը Փարիզում 2024 թ. կայանալիք օլիմպիական խաղերի ծրագրից հանելու հնարավորությունը և մտահոգություն էր հայտնել ֆեդերացիայի կանոնադրության բարեփոխման բացակայության կապակցությամբ: