ՈՒԹ ՄԵԴԱԼ

11:07 - 14 Օգո, 2023

Բելառուսում օգոստոսի 4 – 14 –ը անցկացվեց  ԱՊՀ երկրների երկրորդ խաղերը։ Հայաստանի  պատվիրակները  նվաճեցին ութ մեդալ  ( երկուական ոսկե, արծաթե և չորս բրոնզե) ու  թիմային հաշվարկում զբաղեցրին վեցերորդ տեղը:

Ոսկե մեդալակիր դարձան հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը / 67 կգ. / և սամբիստ Բորիս Շատվերյանը / 79 կգ. /: Արծաթե պարգևների արժանացան  հրաձգուհի Նարե Գաբրիելյանը / 10 մետր օդամղիչ ատրճանակ /  և կարատեիստ Սուրեն Հարությունյանը / 67 կգ. /: Պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեցին  հունահռոմեական ոճի ըմբիշ Սամվել Գրիգորյանը /82 կգ./, ազատոճայիններ Նորիկ Հարությունյանը / 61 կգ.  /,  Ազատ Կարապետյանը / 86 կգ.   / և  Սերգեյ Սարգսյանը / 97 կգ. /:

Մեր երկիրը ներկայացրին ավելի քան 140 մարզիկ –մարզուհիներ, որոնք հանդես եկան  բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, ձյուդո, կարատե, աթլետիկա, լող, ծովափնյա վոլեյբոլ, սամբո, նետաձգություն, հրաձգություն, խոտի հոկեյ, գեղարվեստական մարմնամարզություն և վոլեյբոլ մարզաձևերում:  

Ընդհանուր առմամբ խաղերին հայտավորվել էին 23 երկրի շուրջ 5 հազար մարզիկ- մարզուհիներ: Նրանք  իրենց ուժերը  չափեցին  20 մարզաձևերում, որոնք խաղարկեցին մեդալների 246 հավաքածու:

Այլ նորություններ