Երևանի նախկին « Միկա » մարզապալատում անցկացվեց «ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գավաթ» անվանումով սամբոյի միջազգային առաջին մրցաշարը։
Մրցագորգ ելան տղամարդկանց յոթ / 58 կգ., 64 կգ., 71 կգ., 79 կգ., 88 կգ., 98 կգ., + 98 կգ. / և կանանց երկու / 54 կգ., + 80 կգ. / քաշային կարգերի ներկայացուցիչներ:
Մասնակցեցին 22 երկրների պատվիրակներ: Մրցանակային հիմնադրամը 200 հազար ԱՄՆ դոլար Էր:
Շքեղ էր ստուգատեսի բացման հանդիսավոր արարողությունը: Տրիբունաները լիովին ծանրաբեռնած մարզասերներին կազմակերպիչները հաճելի բազում անակնկալներ մատուցեցին:
Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը ողջույնի խոսքում շեշտեց, որ մարզաձևի նման խոշոր մրցաշար աշխարհում առաջին անգամ է հովանավորում ազգային օլիմպիական կոմիտեն: Այդ երկիրը Հայաստանն է և նրա օլիմպիական ընտանիքի ղեկավար, մեծանուն բարեգործ Գագիկ Ծառուկյանը:
Ծափողջույններով մարզասերը դիմավորեց ՀԱՕԿ նախագահին: Գագիկ Ծառուկյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ սամբոյի ֆեդերացիային և կազմակերպական աշխատանքում ներգրավված բոլոր մարդկանց:
Պարոն Ծառուկյանը նաև նշեց՝ մեծ պատիվ է, որ մրցաշարին մասնակցում են աշխարհի ուժեղագույն սամբիստները: Ուրախացանում է և այն, որ միջազգային օլիմպիական կոմիտեն երկու տարի առաջ ճանաչեց սամբո ըմբշամարտը: Երևանյան մրցաշարը յուրատեսակ քայլ է սամբոյի մուտքը օլիմպիական ընտանիքի լիարժեք անդամ դառնալու համար:
ՀԱՕԿ նախագահը մրցաշարը հայտարարեց բացված և հնչեց ՀՀ օրհներգը:
Մասնակից բոլոր երկրների պատվիրակությունների ղեկավարները ստորագրություններով հաստատեցին մարզաձևի օլիմպիական առաջին տարեգիրքը, և այն, ինչպես նաև խորհրդանշական գավաթը Գագիկ Ծառուկյանը հանձնեց մարզաձևի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովին: Վերջինը, ի դեպ, սամբոյի միջազգային ֆեդերացիայի 85 –ամյակի առթիվ ստեղծված ոսկե հուշամեդալ նվիրեց պարոն Ծառուկյանին:
Հայաստանցի մարզիկները նվաճեցին չորս ոսկե, մեկ արծաթե և երեք բրոնզե պարգև։ Պատվանդանի չեմպիոնական աստիճանին կանգնեցին Դավիթ Հովսեփյանը, Մաքսիմ Մանուկյանը, Վահագն Չալյանը և Արսեն Խանջյանը: Վարսիկ Գրիգորյանն արժանացավ արծաթե, իսկ Կառլեն Մահինյանը, Արամ Աղաջանյանը, Բորիս Շատվերյանը՝ բրոնզե մեդալների։
Մեզանում հյուրընկալված մասնագետները զրույցներում խոստովանեցին, որ նմանը չունեցող միջազգային ստուգատես էր երևանյանը: Նաև իրենք ՝ մասնակիցները գոհ մնացին և մեր մայրաքաղաքին հրաժեշտ տվեցին աշնանը մեզանում կայանալիք աշխարհի առաջնությունում կրկին հանդիպելու ցանկությամբ: