Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշներից առաջինը աշխարհի չեմպիոնի պատվին է արժանացել / 1982թ. / երևանցի Բենուր Փաշայանը: Նա նվաճումը կրկնել է նաև հաջորդ մրցաշրջանում:
Բենուրը Լոս Անջելեսի օլիմպիական խաղերի / 1984թ. / հաղթողի իրական հավակնորդ էր համարվում: Եվ նա կկանգներ չեմպիոնական աստիճանին, եթե ԽՍՀՄ –ը և ընդհանրապես սոցիալիստական երկրները չբոյկոտեին համաշխարհային այդ գլխավոր մարզահանդեսը: Փոխարենը, Մոսկվայում կայացած բարի կամեցողության խաղերում / Дружба-84 /, Բենուրը գետնեց աշխարհի ուժեղագույն ըմբիշներին, հռչակվեց չեմպիոն և ճանաչվեց մրցաշարի լավագույն ըմբիշ:
Հայ մարզիկն ընդհանրապես տարիքային բոլոր խմբերի մրցաշարերում գրեթե միշտ հաղթող է ճանաչվել: Ժամանակի ամենահեղինակավոր մասնագետները նշել են, որ մրցագորգի վրա, հենց գոտեմարտի ընթացքում, նա նոր հնարքներ ու տարրեր է կատարել:
Այդ ամենը գնահատելով, Երևանի քաղաքապետարանի սպորտ բաժինը, մարզաձևի հանրապետական ֆեդերացիան և Բենուրի ընկերները համատեղ կազմակերպեցին և հաջողությամբ անցկացրին կյանքին անժամանակ հրաժեշտ տված փառահեղ ըմբիշի հիշատակը հավերժացնող միջազգային առաջին մրցաշարը:
Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճի մրցագորգերի վրա, տանտերերից բացի, իրենց հմտությունները ցուցադրեցին նաև Ռուսաստանի, Բուլղարիայի, Բելառուսի, Վրաստանի և Իրանի պատվիրակները:
Հայաստանի հավաքականից առաջին տեղը գրավեցին Սլավիկ Գալստյանը / 67 կգ /, Շանթ Խաչատրյանը / 72 կգ / և Մաքսիմ Մանուկյանը / 82 կգ /:
Նրանց հինգ թիմակիցներ դարձան երկրորդ մրցանակակիրներ: