Ucom- Ը ԵՎ ՀԱՕԿ –Ը ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ

15:00 - 05 Ապր, 2021

Այսօր `  ապրիլի 5-ին, Երևանի Օլիմպավանում, Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը գործակցության հուշագիր ստորագրեցին:

Նպատակը ՀԱՕԿ-ի ` <<  Տոկիո -2020 >> օլիմպիական խաղերի համատեքստում կազմակերպվող և իրականացվող ծրագրերի, նախագծերի ու միջոցառումների իրագործումն է:

ՀԱՕԿ –ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը  մանրամասներ ներկայացրեց խաղերի նախապատրաստության փուլերից: Աշխատանքներն ընթանում են նախապես կազմած ծրագրին համապատասխան: Արդյունքը կերևա առաջիկայում, երբ աստիճանաբար կավելանա մեր օլիմպիականների քանակը:

 Խոսելով հայաստանցի մարզիկների նպատակներից, բանախոսն ասաց, որ վարկանիշ նվաճած բոլոր վարպետները ունակ են դառնալ մեդալակիր: Նկատի ունենք մեր օլիմպիականների պատրաստականությունը, կամային բարձր որակները, հաղթանակի հասնելու  բուռն ցանկությունը, հատկանիշներ, որոնց ականատեսն ենք եղել ընթացիկ մրցաշրջանում կայացած պաշտոնական, վարկանիշային մրցումներում:

Ucom  -ի հետ  հաճելի համագործակցության մասին խոսելով, Հրաչյա Ռոստոմյանը հիշեցրեց համախմբվածության, միասնության մասին  ՀԱՕԿ –ի նախագահ Գագիկ Ծառուկյանի ցանկությունը: Այդ է վկայում հուշագիրը,  որը հաջողության գրավականներից մեկն է:

Ucom –ի աջակցության նշանակությունը մեծ է, բովանդակալից: Համագործակցությունը կնպաստի նաև  բնակչության տարբեր շերտերի շրջանում օլիմպիական գաղափարների տարածմանը:

 

Ucom  ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը մասնավորապես ասաց, որ  ՀԱՕԿ-ի հետ իրենց ընկերությունը համագործակցության փորձ արդեն ունի: Նախորդ ` Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյում 2016թ.  կայացած ամառային օլիմպիական խաղերի կապակցությամբ է սկսվել ՀԱՕԿ –ի հետ  համատեղ գործակցությունը: Հաջողությունն ավելի քան խոսուն էր: 20 –ամյա ընդմիջումից հետո, Հայաստանը կրկին օլիմպիական ոսկե մեդալակիր ունեցավ:

Հավատում ենք, որ << Տոկիո – 2020 >>  ում նույնպես հաղթանակներ կունենանք: Այդ ակնկալիքով ենք ճգնաժամային այս բարդ տարում աջակցության  պայմանագիր կնքում: Անկարելի է չլինել մեր օլիմպիականների կողքին:

Միջոցառման ավարտին կողմերը պատասխանեցին լրագրողների հարցերին:

Այլ նորություններ