ՊԱՀՊԱՆԵՑԻՆ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԻՐՔԸ

22:37 - 21 Ապր, 2023

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մարզահամերգային համալիրում քիչ առաջ ավարտվեց Եվրոպայի ծանրամարտի առաջնության ծրագրով  տղամարդկանց 96 կգ քաշայինների պայքարը:

Նախ  շնորհակալական խոսք ենք ուղղում  մեր Դավիթ Հովհաննիսյանին  և Արա Աղանյանին, այն բանի համար, որ նրանք պոկում և հրում  վարժություններում հաջողությամբ հաղթահարեցին  առաջին մոտեցումները, որի  շնորհիվ  մարզասերներիս  մոտ ավելորդ լարվածություն չառաջացավ: Մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի գործ էր ու տանտերերը միմյանց մեծ հնարավորությունները գնահատելով`  մրցակիցներին աստիճանաբար դուրս մղեցին պայքարից ու ականատեսները վայելեցին հայկական  դուետի  այնքան հաճելի ներկայացումը:

Մանրամասներ չնկարագրենք ու միանգամից ասենք, որ Եվրոպայի գործող չեմպիոնը և փոխչեմպիոնը մնացին իրենց դիրքերում. Դավիթ Հովհաննիսյանը  երկամարտի 377 կգ արդյունքով  / 172 կգ + 205 կգ / դարձավ աշխարհամասի կրկնակի ոսկե դափնեկիր, իսկ Արա Աղանյանը 364 կգ- ով / 165 կգ + 199 կգ / ՝ կրկնակի արծաթե մեդալակիր:

Տղաների հաղթանակը մեծ ոգևորություն պատճառեց բոլորիս ու ենթադրում ենք, որ եվրոպականի մեդալների համար պայքարը շարունակող  մեր մյուս մարզիկ –մարզուհիները ավելի կթանձրացնեն ՄՀՀ –ում տիրող հաղթական մթնոլորտը:

Այսօր մրցահարթակ ելան նաև 81 կգ քաշային կարգի մարզուհիները: Մեր երկրի ներկայացուցիչներից Լիանա Գյուրջյանը  երկամարտի 215 կգ – ով եզրափակեց առաջին տասնյակը, իսկ Աննա Ամրոյանը երկամարտի 202 կգ –ով վեցերորդն էր երկրորդ ՝  B  խմբում:

Վաղը Հայաստանի թիմերից հանդես կգան Գարիկ Կարապետյանը / 102 կգ /՝  ժամը 15.00 –ին, Սամվել Գասպարյանը, Պետրոս Պետրոսյանը / 109 կգ / ՝ 17. 30 –ին, կանանց մրցաշարի մասնակիցներ, 87 կգ քաշայիններ,  հեղինակավոր Հռիփսիմե Խուրշուդյանը  և Մարգարիտա Առաքելյանը ՝ ժամը 20. 00 –ին:

Այլ նորություններ