Սպորտային մարմնամարզուհի, երևանցի 14 –ամյա Մարիետա Բուչախչյանը մասնակցեց Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությանը:
Մարզաձևի միջազգային ֆեդերացիայի հրապարակումը հուշում է, որ աղջիկների բազմամարտի ծրագրով մրցաշարում իրենց ունակությունները դրսևորել են մայրցամաքների 125 պատվիրակներ: Մեր մարզուհին հանդես է եկել բոլոր չորս գործիքների վրա, վաստակել է 40, 065 միավոր և գրավել 108 –րդ տեղը:
Նրա զբաղեցրած դիրքը, հասկանալի է, մարզական տեսանկյունից գոհացնող չէ:
Ճիշտ գնահատենք իրավիճակը: Կասկածից վեր է, որ մրցակցուհիները առավելություն ունեցած կլինեն մրցափորձի առումով: Թեև հնարավոր է, որ մեր մարզուհին լիովին դրսևորել է իր ունակությունները: Ենթադրում ենք նաև, որ երևանցի աղջկա ծրագիրը բարդ չի եղել: Սա ասում ենք, նկատի ունենալով Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի աղջիկների դահլիճի, մեղմ ասած, ոչ լիարժեք պայմանները: Ուստի դրական համարենք նման խոշոր ստուգատեսում առաջին անգամ հանդես եկած Մարիետայի արդյունքը: