ԳՅՈՒՄՐԵՑԻ ՀՍԿԱՅԻ ԾԱՆՐԱԿՇԻՌ ՀԱՂԹԱՆԱԿԸ

10:37 - 01 Հուլ, 2021

Գերմանիայի  Դորտմունդ քաղաքում տեղի ունեցած  ազատ ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական  առաջնությունից հարուստ ավարով հայրենիք կվերադառնա Հայաստանի հավաքականը:

Սպասելիքները գերազանցեց գյումրեցի գերծանրքաշային / 125 կգ / Լյովա Գևորգյանը:

Նախնական փուլերում երեք խոսուն հաղթանակներ տանելուց հետո,  շնորհալի մարզիչ  Հակոբ Ավետիսյանի սանը մտավ եզրափակիչ: Վճռական փուլում Լյովան << նոկաուտի >> ենթարկեց ադրբեջանցի  Այդին Ահմադովին / 11 : 0 /, տոնեց փայլուն հաղթանակ, գրավեց առաջին տեղը և պարգևատրվեց առաջնության ոսկե մեդալով:

Այդ հաջողությունը խոսուն է, քանզի ըմբշամարտում, և ընդհանրապես մենապայքարային մարզաձևերում,  առավել գնահատվում և հեղինակավոր են համարվում հսկաների մրցավեճի հաղթողները:

Գոհացրին նաև արծաթե մեդալակիրներ, ազատանցի Մանվել Խնձրցյանը / 57 կգ, մարզիչ՝ Կարապետ Ենգոյան  / և արտաշատցի  Լևիկ Միքայելյանը / 61 կգ , մարզիչներ ՝ Ռաֆիկ Գոլեցյան, Վարդան Գյուրջյան /:  Նրանք գրավեցին երկրորդ տեղը, արժանացան արծաթե մեդալի և տուն կվերադառնան որպես հին աշխարհամասի երիտասարդների փոխչեմպիոններ:

Պատվո պատվանդանի բրոնզե աստիճանին կանգնեցին արմարվիրցի Նարեկ Հարությունյանը / 70 կգ, մարզիչ՝ Արմեն Մալխասյան / և ջրվեժցի Սերգեյ  Սարգսյանը / 92 կգ, մարզիչ ՝ Արմեն Շահվերդյան /:

Հաջողության առթիվ շնորհավորում ենք մրցանակակիրներին, նրանց անձնական մարզիչներին և, իհարկե,   երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ, վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Ավետիք Վարդանյանին:  

Նոր նվաճումները վկայում են, որ ազատ ըմբշամարտի մեր ազգային հավաքականը հուսալի հերթափոխ ունի:

Վաղը՝ հուլիսի 2-ին, Դորտմունդի մրցագորգերը կտրամադրվեն հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշներին:

 

Այլ նորություններ