Ավարտվեց Զինաիդա Սիմոնյանի անվան հուշամրցաշարը

19:45 - 03 Ապր, 2016

Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում ավարտվեց Զինաիդա Սիմոնյանի անվան 5-րդ հուշամրցաշարը: Ավանդական դարձած մրցաշարին այս տարի առաջին անգամ մասնակցում էր Վրաստանը ներկայացնող թիմը:

Տղաների օդամղիչ հրացան վարժությունում առաջին տեղում Վրեժ Թորոսյանն է, երկրորդ և երրորդ տեղերը գրավեցին Հայկ Բաբայանը և Հրաչիկ Բաբայանը: Աղջիկների պայքարում եռյակում հայտնվեցին Ալլա Պողոսյանը, Մարիամ Միքայելյանը և Սվետլանա Տիգրանյանը:

Օդամղիչ ատրճանակ մրցաձևում առաջին տեղում վրացի Ցոտնե Մաչավարիանին է, այնուհետ Ակակի Մոսուշվիլին և եռյակի վերջում Նորայր Առաքելյանն է: Աղջիկների պայքարում լավագույն արդյունք գրանցեց Օլիմպիական խաղերի չեմպիոն Նինո Սալուկվաձեն: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրին Էլմիրա Կարապետյանը և Գոհար Դանիելյանը:

Օդամղիչ հրացան` վազող թիրախ, նորմալ վազք վարժությունում ամենաբարձր միավորները հավաքեց Շանթ Սարգսյանը: Նրան հաջորդեցին Հովհաննես Խաչատրյանը և Ռազմիկ Մինասյանը: Աղջիկների պայքարի եռյակում հայտնվեցին Լիլիթ Մկրտչյանը, Գոհար Հարությունյանը և Լաուրա Ավետիսյանը:

«Ընդհանուր առմամբ հավաքականի անդամների ելույթները Զինաիդա Սիմոնյանի անվան հուշամրցաշարում բավականին հաջող էր: Եթե այս նույն արդյունքները գրանցեինք Եվրոպայի առաջնությունում, ապա օլիմպիական ուղեգիր կունենայինք»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը:

Զինաիդա Սիմոնյանի անվան հուշամրցաշարին ներկա էր նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը: «Այս մրցաշարը նվիրված է մեր սիրելի Զինաիդա Սիմոնյանի հիշատակին: Նա սպորտի իսկական լեգենդներից մեկն էր, քանի որ նմանատիպ մարզիկները շատ քիչ են»,-ասաց Գաբրիելյանը:

Ընդհանուր առմամբ խաղարկվեց 24 մեդալ, իսկ մրցաշարին մասնակցում էին 85 մարզիկներ:

Զինաիդա Սիմոնյանն աշխարհի քառակի, Եվրոպայի, Խորհրդային Միության և Հայաստանի բազմակի չեմպիոն է` 50-ից ավելի ռեկորդների հեղինակ:

 

Լուսանկարներն` այստեղ

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ