Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզի օլիմպիական խաղերի 500 օրվա հետհաշվարկի կապակցությամբ ասել է, որ իր երկիրը պատրաստ է << հյուրընկալել աշխարհը >>: Կազմկոմիտեն այդ իրադարձությունը նշանավորելու նպատակով կազմակերպել է 24-ժամյա փոխանցավազք՝ 116 երկրների և Ֆրանսիայի անդրծովյան տարածքների ավելի քան 20 հազար վազորդների մասնակցությամբ:
Մակրոնը նշել է, որ խաղերի նախապատրաստական աշխատանքները հաջող են ընթանում և ընդամենը 500 օր է իրենց բաժանում ամառային համաշխարհային իրադարձությունից: Նա նաև ընդգծել է խաղերի ազդեցությունը Ֆրանսիայի քաղաքացիների վրա. ստեղծվել են 5000 նոր մարզակառույցներ, մեկնարկել է բնապահպանական մեծ նախաձեռնություն. մաքրվելու են Սենա և Մարնե գետերը և այլն:
Ստուգատեսի տոմսերի վաճառքի երկրորդ փուլը կմեկնարկի մայիսին:
<< Փարիզ – 2024 >> օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը, որին կհաջորդեն պարալիմպիկ խաղերը՝ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը։
Մարզահանդեսի մեկնարկին մնացել է 498 օր: