ԾԱՂԿԱՁՈՐԻՑ Է ՍԿՍՎՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԸ

10:57 - 11 Հուն, 2023

Հայաստանի մարզական հաջողությունների  գլխավոր հրետանի համարվող մենապայքարային մարզաձևերի ներկայացուցիչները  ավանդաբար ծաղկաձորյան հավաքներով են սկսում մրցաշրջանը:

Հունահռոմեական և ազատ ոճի վարպետները  խարիսխ են գցել միջազգային ճանաչում ունեցող  օլիմպիական մարզավանում:

Հավաքականներում ընդգրկված են ազգային և երիտասարդական ընտրանիների շուրջ 80 մարզիկներ:

Ըմբիշները  ձմռան շնչով ապրող գեղատեսիլ Ծաղկաձորից հետո կշարունակեն մարզվել ու մասնակցել ծրագրով նախատեսված տարբեր մրցաշարերի:  

Թիմերն այնտեղ կմնան մինչև փետրվարի 22 –ը, որից հետո  <<  կիջնեն >>  մայրաքաղաքի Օլիմպավան:

Անելիքների մասին զրուցեցինք տարիքային տարբեր խմբերում աշխատող մարզիչների հետ: Ինչպես միշտ, նոր մրցաշրջանը նույնպես հագեցած է համապետական և միջազգային միջոցառումներով: Նպատակը մեկն է՝ հաջող մասնակցություն ունենալ և բարձր տրամադրությամբ  տուն վերադառնալ:

Պատանիների և երիտասարդների հետ աշխատող մասնագետները ցանկանում են հուսալի հերթափոխ պատրաստել միջազգային մրցաբեմերում մեծ համարում ունեցող մեր ազգային գլխավոր թիմերի համար: Դա նկատվեց նաև զրույցներում: Թերևս առավել ուշագրավն այն էր, որ զրուցակիցները մտահոգված են հատկապես Սերբիայում սեպտեմբերին անցկացվելիք աշխարհի առաջնության առթիվ: Բանն այն է, որ Բելգրադում  խաղարկվելու են << Փարիզ – 2024 >>  -ի օլիմպիական ուղեգրեր, որոնք կշնորհվեն բոլոր տասը քաշային կարգերի առաջին հնգյակներում տեղ գտնող ըմբիշներին: Այս մասին, իհարկե, լավ գիտեն իրենք ՝  թիմերի ընտրյալները:

Հուսանք, որ  օլիմպիական դառնալու  ցանկությունը իրականություն կդառնա, մանավանդ որ, նախապատրաստությունն ընթանում է համապատասխան ծրագրով:

Հիշեցնենք, որ ազատ ըմբշամարտի հավաքականի մարզչական կազմը գլխավորում է Հաբեթնակ Կուրղինյանը, իսկ հունահռոմեականինը ՝ Արմեն Բաբալարյանը:

Այլ նորություններ