Լոզանում, ՄՕԿ-ի գործկոմի նիստի ժամանակ, կազմակերպության կենտրոնակայանի մոտ, ի աջակցություն IBA-ի, ակցիա է տեղի ունեցել:
Մասնակիցները պահանջել են, որ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան պիտի 2028թ. օլիմպիական խաղերում կազմակերպի մարզաձևի մրցաշարը:
Ցույցին մասնակցել են տարբեր երկրների շուրջ 40 մարզիկներ և մարզիչներ՝ աշխարհի նախկին չեմպիոն և 1988թ. օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Ռոյ Ջոնս կրտսերի գլխավորությամբ:
Ցուցարարները դուրս են եկել «Ոչ բռնցքամարտին՝ առանց IBA» և «Ոչ օլիմպիական խաղերին՝ առանց բռնցքամարտի» գրությամբ շապիկներով և պաստառներով։
ՄՕԿ-ի հաղորդակցության գծով տնօրեն Մարկ Ադամսը այդ առթիվ ասել է, որ լսել են մտահոգությունները և դժգոհողների հետ քննարկել հարցը: Առաջիկա օրերին նրանք կառուցողական պատասխան կստանան:
ՄՕԿ –ը 2019թ. կասեցրել է IBA-ի (այն ժամանակ՝ AIBA) անդամակցությունը։ Լավ է, որ օլիմպիական ծրագրում բռնցքամարտի մրցաշարը փրկվեց, թեև Տոկիոյի խաղերում այն անցկացրեց ՄՕԿ-ի հատուկ հանձնաժողովը։
Այս տարվա հունիսին ՄՕԿ-ը հայտարարեց, որ 2024թ. Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերում բռնցքամարտի մրցաշարը կրկին կանցկացվի IBA-ից դուրս։
Մարզաձևը ներառված չէ նաև 2028թ. կայանալիք մարզահանդեսի նախնական ծրագրում։