ՀԱՂԹՈՂԸ ՈՐՈՇՎԵՑ ՎԵՐՋԻՆ ՎԱՅՐԿՅԱՆԻՆ

09:47 - 21 Մար, 2024

Օլիմպավանում երեկ տեղի ունեցավ Հայաստանի  տղամարդկանց  բասկետբոլի  առաջնության երկրորդ կիսաեզրափակիչ փուլի՝  ԲԿՄԱ - «Էրեբունի» հանդիպումը:

Միանգամից նշենք, որ  հաղթեցին բանակային մարզիկները ՝ 81:79:

Գրանցված հաշիվը վկայում է, որ մրցամարտն անցել է լարված պայքարում:

Խաղի ընթացքի մասին  կարծիք հարցրինք մարզաձևի համապետական ֆեդերացիայի մրցավարական հանձնախմբի նախագահ Դրաստամատ Մուրադյանից:

-  Մրցման սկզբից  ևեթ  մրցակիցները դիմեցին արագ գործողությունների: Այնուհետև նախաձեռնությանը տիրեցին բանակային մարզիկները, որոնք նույնիսկ 15 միավորով առաջ անցան մրցակցից: Երրորդ քառորդում  հարուստ մրցափորձ ունեցող էրեբունցիները, ինչպես ասում են, գտան իրենց խաղը, աստիճանաբար հարստացրին  միավորների պաշարը ու դրանից հետո մրցասպարեզում պայքարն ավելի թեժացավ:

Խաղացողները  կարծես  արդեն գնահատեցին տակտիկական պայքարի արժեքը. անհատական և թիմային արագ գրոհներ, սահմանային պաշտպանություն, մամլիչ գործողություններ և այլն:

Թվում էր հանդիպումը կավարտվի մարտական ոչ -ոքի արդյունքով, սակայն բառացիորեն վերջին վայրկյանին երիտասարդ բանակայինները երկու միավորանոց արդյունավետ նետումով պոկեցին  իրենց համար չափազանց կարևոր հաղթանակը, - այդպես իր խոսքն ավարտեց մեր զուցակիցը:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը բանակային  Տիգրան Մկրտումյանն էր, որն իր թիմին բերեց  27 միավոր, 8 անգամ տիրեց  օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 5 արդյունավետ փոխանցում:

Նշած թիմերի պատասխան  խաղը տեղի կունենա վաղը ՝  մարտի 22-ին: Եթե ԲԿՄԱ-ն կրկին հաղթանակ տանի, ապա կմտնի եզրափակիչ, իսկ պարտության դեպքում կանցկացվի լրացուցիչ հանդիպում:

Օլիմպավանի մարզադահլիճում այսօր, ժամը 22. 15 –ին,  առաջին կիսաեզափակիչի ծրագրով կսկսվի  «Ֆոքսիս» - «Ուրարտու» երկրորդ մրցախաղը: Հիշեցնենք, որ այս թիմերի առաջին խաղն ավարտվել է «ֆոքսիսի» հաղթանակով ՝ 83 : 74:

 

 

Այլ նորություններ