ՎԱՐԱԶԴԱՏ ԱՐՇԱԿՈՒՆԻՆ, ՎԼԱԴԻՄԻՐ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԸ ԵՎ . . .

11:47 - 29 Օգո, 2022

Սպորտին նվիրված միջազզգային տոնացույցում  օգոստոսի 27 –ը  նշվում է որպես բռնցքամարտի միջազգային օր։

Դեռևս 385թ․ 291 –րդ օլիմպիական խաղերի կռփամարտի մրցումներին մասնակցել է հայոց թագավորական տոհմի շառավիղ Վարազդատ Արշակունին և հաղթելով բոլոր մրցակիցներին հռչակվել է օլիմպիական չեմպիոն։

Այդ հաղթանակից 1613 տարի անց, 1998թ․  մայիսի ութին,  ՄՕԿ –ի և ՀԱՕԿ –ի փոխադարձ համաձայնությամբ , պատմական Օլիմպիայում հանդիսավորությամբ բացվել է Վարազդատ Արշակունու մարմարե կիսանդրին / քանդակագործ Լևոն Թոքմաջյան / ։ 

Խոսքով հանդես է եկել Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, պատմագիտության դոկտոր Միքայել Իսպիրյանը։

Ժամանակակից  բռնցքամարտը ծնունդ  է առել  Անգլիայում, 18-րդ դարի սկզբին։ Իսկ  օլիմպիական շարժման վերածննդից հետո, 1920 թ․ այն   մտել է օլիմպիական  ընտանիք։

Մարզաձևը մեծ տարածում և հեղինակություն ունի Հայաստանում։ Մեզանում աճել են ԽՍՀՄ , Եվրոպայի, աշխարհի տասնյակ չեմպիոններ և մրցանակակիրներ։ Իսկ կաշվե ձեռնոցի հանճարեղ վարպետ, երևանցի Վլադիմիր Ենգիբարյանն իր բազում նվաճումներին ավելացրել է նաև օլիմպիական չեմպիոնի կոչումը։ Նա այդ պատվին արժանացել է 1956թ․ Մելբուռնի օլիմպիական խաղերում։

Նրա ճանապարհով առաջին քայլերն են արել և օլիմպիական բրոնզե մեդալակիր են դարձել երևանցի Դավիթ Թորոսյանը / 1976թ. Մոնրեալ /, վանաձորցի Հրաչիկ Ջավախյանը / 2008թ. Պեկին / և Տոկիոյի օլիմպիական խաղերում՝ գյումրեցի Հովհաննես Բաչկովը :

Բռնցքամարտի միջազգային տոնի առթիվ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շնորհավորում է  մեր երկրի բոլոր ժամանակների բռնցքամարտիկներին և ակնկալում նորանոր հաղթանակներ:

 

 

Այլ նորություններ