Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հանրությանը ներկայացրեց ՀԱՕԿ նոր և թարմացված կայքէջը:
«Կայքի խնդիրն արդիականացումն էր: Մեր նախորդ կայքը ժամանակակից պահանջներին չէր համապատասխանում: Կայքի փոփոխություններից մեկը կլինի այն, որ ունենալու ենք մեծ լրատվական բաժին»,-փաստեց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
«Մենք մեր առաջ խնդիր ունենք ավելի մեծ թափով և ծավալով լուսաբանելու Հայաստանի առաջնությունները, լինեն դրանք պատանեկան, երիտասարդական, թե մեծահասակների: Հիմնական շեշտը կդրվի նաև նրա վրա, որ առաջնություններից կունենանք ուղիղ հեռարձակումներ, աշխարհի և Եվրոպայի առաջնությունները մենք կլուսաբանենք մրցավայրից: Տեղադրված լուսանկարները և նյութերը հասանելի են բոլոր մեր գործընկերների համար, միայն հղումը ՀԱՕԿ կայքին պարտադիր է»,-ասաց ՀԱՕԿ լրատվության բաժնի աշխատակից Շուշանիկ Հակոբյանը:
ՀԱՕԿ նոր կայքը պահպանել է նախկին հասցեն, սակայն տեսքն ամբողջովին փոխվել է: Այն հարմարեցված է բջջային հեռախոսներին և պլանշետներին: