ԼՈՆԴՈՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸ

15:07 - 27 Հուլ, 2022

2012թ. այս օրը ՝ հուլիսի 27 –ին, մեկնարկել է  Լոնդոնի օլիմպիական խաղերը: Մասնակցել են  205 երկրների մարզիկներ։ 

Բացումը հայտարարել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը։ Փակման արարողությունը, որը կոչվում էր << Բրիտանական երաժշտության սիմֆոնիա >>,  տեղի է ունեցել օգոստոսի 12-ին ՝ Օլիմպիական ստադիոնում: 

Առաջին անգամ կանանց թույլ է  տրվել  մասնակցել բռնցքամարտի մրցաշարին։ Նրանք հանդես են եկել երեք քաշային կարգերում (մինչև 51, 60 և 75 կգ)՝ 12-ական մարզիկներով, իսկ տղամարդկանց մեկ քաշային կարգ հանվել է ծրագրից:

Կանայք առաջին անգամ  հնարավորություն են ստացել հանդես գալ բոլոր մարզաձևերում։ 

Ընդհանուր առմամբ մեդալներ են խաղարկվել 26 մարզաձևերի 39 մրցաձևերում:

Հիշարժան է 2012 –ի օգոստոսի 14 –ը:   << Զվարթնոց >>  օդանավակայանում  Լոնդոն – Երևան  չվերթն իրականացնող ինքնաթիռի վայրէջքին սրտատրոփ էին  սպասում  Հայաստանի օլիմպիականնների ծնողները, հարազատները, մարզաշխարհի մարդիկ, լրագրողները  և մարզասերները:

Լոնդոնում ավարտվել էին ամառային՝  թվով 30 –րդ օլիմպիական խաղերը: Պատմություն էին  դարձել  հաղթանակի պատճառած ուրախությունները և պարտության դառնություններն ու հիասթափությունները:

Նախորդ ` Պեկինի օլիմպիական խաղերի համեմատ,  Լոնդոնում առավել հաջող էին  հանդես եկել Հայաստանի պատվիրակները: 16 տարվա ընդմիջումից հետո,  ի դեմս  հունահռոմեական ոճի ըմբիշ, երևանցի Արսեն Ջուլֆալակյանի, Հայաստանի ներկայացուցիչը  գրավել էր երկրորդ տեղը,  պարգևատրվել արծաթե մեդալով և ծածանել հայոց եռագույնը: Նման պատվի  մեր վարպետներից  վերջին անգամ արժանացել էր  ազատ ոճի ըմբիշ,  փոքրվեդեցի Արմեն Մկրտչյանը /  1996 թ. Ատլանտա / :

Հունահռոմեական ոճի մեր մեկ այլ վարպետ՝ գյումրեցի Արթուր Ալեքսանյանը  նույնպես  բարձրացել էր օլիմպիական պատվանդան ու կանգնել երրորդ աստիճանին : Բայց նվաճած  <<  բրոնզով >> կարծես չէր ոգևորվել  Արթուրը: Նրան ճանաչողները կռահել են, որ 20 –ը նոր բոլորած մարզիկն ավելի քան օժտված է ու նա արժանի էր  դառնալ չեմպիոն  : Փույթ չէ, քանզի շնորհալի ըմբիշը  տակավին երիտասարդ էր ու դեռ կհասցներ իր երազանքն իրականացնել օլիմպիական հաջորդ խաղերում և այդ անելը նրան հաջողվեց:

Չմոռանանք, որ լոնդոնյան մարզահանդեսում մեր պատվիրակության հաշվին առաջինը  մեդալ գրանցեց Հռիփսիմե Խուրշուդյանը, որը տուն վերադարձավ  << բրոնզով >>:

Մեդալների հաշվարկով 205 երկրների պայքարում Հայաստանի պատվիրակությունը ճանաչվեց 60 –րդը  / Պեկինում մերոնք վեց բրոնզե մեդալով  79 –րդն էին / : Առաջընթացը նկատելի էր  և սա ոգևորել էր մեզ:

 

 

 

 

 

Այլ նորություններ