ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ

11:17 - 22 Հուն, 2022

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի է ունեցել Եվրոպայի  ձյուդոյի ֆեդերացիայի արտահերթ կոնգրեսը: 49 երկրների 110 պատվիրակների թվում է եղել նաև ՀՀ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ, մոտ անցյալի նշանավոր վարպետ Վարդան Ոսկանյանը:

Վեհաժողովի աշխատանքներին մասնակցել է նաև մարզաձևի միջազգային ֆեդերացիայի նախագահ, ռումինացի Մարիուս Վիզերը:

Եվրոպական ֆեդերացիայի նախագահ է միաձայն ընտրվել հունգարացի գործարար, 62 –ամյա Լասլո Տոտը: Նա  ունի իրավաբանի կրթություն, եղել է ձյուդոիստ, կրում է  յոթերորդ կարգի դան և գրեթե քառորդ դար ղեկավարել է Հունգարիայի ֆեդերացիան: Այդ ընթացքում հունագարացի ձյուդոիստները տարբեր ձուլվածքի մեդալներ են նվաճել օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում:

Լասլո Տոտը իր ելույթում ասել է, որ ջանք չի խնայի ֆեդերացիայի դիրքերն ամրապնդելու, հին աշխարհամասում ձյուդոյի մասսայականությունը մեծացնելու,  միջազգային ֆեդերացիայի հետ կապերն ամրապնդելու համար և այլն:

Նորընտիր նախագահը, որը թվով 11 –րդն է, նաև ասել է, որ հերթական ընտրությունները տեղի կունենան 2024թ.՝ Փարիզի օլիմպիական խաղերից հետո:

Գլխավոր քարտուղար է ընտրվել ավստրիացի Մարտին Պոյգերը:

 

Այլ նորություններ