Հայ շախմատասերի հիշողությունում երբեք չի ջնջվի վաղամեռիկ գրոսմայստեր, իմաստուն խաղի շնորհալի վարպետ և քաղաքացի Կարեն Ասրյանի անունը:
Նա փոքր տարիքում մեծ ճանաչում ձեռք բերեց, երբ դարձավ մինչև 10 տարեկանների ԽՍՀՄ առաջնության հաղթող և ոսկե մեդալակիր: Այնուհետև Ասրյանը բազմիցս հաղթող ու մրցանակակիր է դարձել Եվրոպայի, աշխարհի առաջնություններում և շախմատի համաշխարհային օլիմպիադաներում:
Մեծ շախմատիստի հիշատակը վառ պահելու գործում շնորհակալ աշխատանք է կատարում նաև շախմատի հանրապետական ֆեդերացիան, որը կազմակերպել և հաջողությամբ անցկացնում է Կարեն Ասրյանի անվան միջազգային ավանդական հուշամրցաշարը:
Մայրաքաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը անցկացվեց թվով 13-րդ ավանդականը: Ութ երկրների 98 մասնակիցների պայքարում ինը հնարավորից 7, 5 միավոր վաստակեց և միանձնյա հաղթող ճանաչվեց երևանցի Շանթ Սարգսյանը:
Յոթական միավորով երկրորդ և երրորդ տեղերը միմյանց միջև բաժանեցին Արթուր Դավթյանը և իրանցի Ամին Թաբաթաբային: