ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԱՆԱԿՆԿԱԼԸ

10:57 - 06 Հուն, 2022

Տիրանայի ծանրահարթակը արգասաբեր եղավ  Հայաստանի ծանրամարտի հավաքականի համար:

Ալբանիայի մայրաքաղաքում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում,  վաստակաշատ մասնագետ Փաշիկ Ալավերդյանի գլխավորած թիմը   երկամարտի գումարով նվաճեց   յոթ մեդալ .  երկու ոսկե, երեք արծաթե  և երկու բրոնզե պարգև: Իսկ ընդհանրապես մերոնք շահեցին 19 մեդալ: Նկատի ունենք նաև  առանձին վարժություններում շահած պարգևները:

Թիմային պայքարում  մեր ընտրանին զբաղեցրեց երկրորդ պատվավոր տեղը:

Չեմպիոնի պատվին արժանացան  Ռաֆայել Հարությունյանը / 81 կգ / ՝ 354կգ  / 160կգ  + 194կգ   / և  Դավիթ Հովհաննիսյանը  / 96 կգ / ՝ 377  / 171 + 206/:

Արծաթե պարգևներ ստացան  Արա Աղանյանը  / 96 կգ / ՝ 375 / 170 + 205 / , Սամվել Գասպարյանը / 102 կգ /՝ 390 / 176 + 214 / և  գերծանրքաշային Վարազդատ Լալայանը՝ 451  / 211+ 240 /:

Պատվո պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեցին Արսեն Մարտիրոսյանը  / 109 կգ / ՝  371  / 170 + 201 / և գերծանրքաշային  Գոռ Մինասյանը ՝ 446  / 210 + 236 /։

Կանանց մրցաշարում մեր երկրից վերջինը ելույթ ունեցավ հինգերորդ արդյունքը ցույց տված  Հռիփսիմե  Խուրշուդյանը: Տևական ընդմիջումից հետո, 87 կգ քաշային կարգում, անվանի մարզուհին երկամարտում ցույց տվեց 227 կգ, որը դժգոհելու տեղիք չի տալիս:

Մասնավորապես հաճելի է այն , որ ամենահեղինակավոր ՝ գերծանրքաշայինների մրցավեճում, վրացի անպարտելի Լաշա Տալախաձեին ձեռնոց նետեց գյումրեցի Վարազդատ Լալայանը: Հրում վարժության  երկրորդ մոտեցմամբ նա բավականին հեշտությամբ կրծքին դրեց 252 կգ ծանրաձողը: Թվում էր չեմպիոնական կիլոգրամներն  արդեն հաղթահարված են: Ափսոս, որ ահռելի քաշը << հարվածեց  >>  մեր հերկուլեսի քներակին, որի հետևանքով  այս անգամ Վարազդատի համար անհասանելի  դարձավ Եվրոպայի ամենաուժեղ մարդը հռչակվելու ցանկությունը:

Հավատանք, որ պատվասեր գյումրեցին, նպատակային մարզումների շնորհիվ,  իրենը կանի:

 

 

Այլ նորություններ