Մայրաքաղաքի << Մոսկվա >> կինոթատրոնում հունիսի 17 –ին տեղի ունեցավ մարզաշխարհի մարդկանց հանդիպումը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:
Բացման խոսքով հանդես եկավ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
Նա մասնավորապես ասաց, որ յուրաքանչյուր օլիմպիական խաղերից առաջ և հետո, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հանդիպում է մասնագետների, մարզիչների, ֆեդերացիաների ներկայացուցիչների, մարզիկների հետ:
Այս անգամ ՀԱՕԿ –ի նախագահ պարոն Ծառուկյանը ցանկացել էր խախտել ավանդույթը և հանդիպումը կայացներ Տոկիոյի մարզահանդեսից հետո:
Պատճառը մեկն է. բնագավառը հեռու պահել քաղաքականությունից, մանավանդ որ մեկ – երկու օրից տեղի են ունենալու ազգային ժողովի ընտրությունները: Բայց օլիմպիականներին քաջալերելու նպատակով, մեր մարզաշխարհի երևելիները պարոն Ծառուկյանին խնդրել են հանդիպել:
Հրաչյա Ռոստոմյանը ներկայացրեց խոսուն փաստեր. << 1996 թվական, Ատլանտայի օլիմպիական խաղեր: Ունեցանք մեկական ոսկի և արծաթ: 2000 թվական. Սիդնեյ. ընդամենը մեկ բրոնզ, 2004թվական, Աթենք. ձեռնունայն, առանց մեդալի, գլխիկոր վերադարձ:
Մեր նվաճումները աստիճանաբար նվազեցին, ավարտվեցին: Ահա թե ինչու մարզաշխարհի երախտավորները դիմեցին պարոն Ծառուկյանին, համոզեցին , հորդորեցին , որ ստանձնի օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնը :
Նա եկավ ծառայելու հայրենական սպորտին և 2005 թվականից ծանրակշիռ փաստերով ապացուցում է , որ հիրավի մեծ ավանդ է ներդնում բնագավառի զարգացման համար :
Ծառուկյանի միջոցներով կառուցվեցին մարզօջախներ ` Երևանում , Գյումրիում , Սիսիանում, Իջևանում, Հրազդանում, Աբովյանում և այլուր:
Հաջողությունները չուշացան: Հենց հաջորդ` Պեկինի օլիմպիական խաղերում / 2008թ. / Հայաստանի պատվիրակության հաշվեկշռին գրանցվեց միանգամից վեց << բրոնզ >> : 2012թ. Լոնդոն՝ մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալ: << Ռիո -2016 >> ՝ մեկ ոսկե և երեք արծաթե մեդալ:
Ոչ պաշտոնական հաշվարկով մեր օլիմպիական թիմը աստիճանաբար բարելավում է իր դիրքերը, իսկ Ռիոյում, 206 երկրների պատվիրակների մրցավեճում Հայաստանը զբաղեցրեց պատվավոր 42 –րդ հորիզոնականը . . .
ՀԱՕԿ –ը ղեկավարելու տարիներին,պարոն Ծառուկյանի օրոք, Հայաստանի պատվիրակները պատանեկան օլիմպիական խաղերում և Եվրոպայի մարզական խաղերում նվաճել են 25 մեդալ` ութ ոսկե, յոթ արծաթե և տասը բրոնզե պարգև:
Ընդհանրապես ավելի քան մեկուկես տասնամյակ է, որ աշխարհի, Եվրոպայի տարիքային տարբեր խմբերի առաջնությունների, օլիմպիական և պատանեկան օլիմպիական խաղերի, եվրոպական մարզական խաղերի բոլոր մրցանակակիրներին ՀԱՕԿ –ի նախագահն արժանացնում է դրամական խոշոր պարգևների, բնակարանների, ավտոմեքենաների և այլն:
2011թվականին նրա նախաձեռնությամբ Վլադիմիր Ենգիբարյանի անունով կոչվեց Երևանի օլիմպիական հերթափոխի պատանի բռնցքամարտիկների հանրապետական մարզադպրոցը:
Օլիմպիականների հայրենասեր ղեկավարը լուրջ աշխատանքներ է կատարում նաև Հայաստանը աշխարհին ավելի ճանաչելի դարձնելու նպատակով:
Նրա հրավերով Հայաստան են այցելել ազգային օլիմպիական կոմիտեների միջազգային ասոցիացիայի նախագահ շեյխ Ահմադ Ալ Սաբահը, Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն, ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախը: Վերջինը մասնակցեց Ծառուկյանի միջոցներով կերտված ժամանակակից օլիմպիական խաղերի հայաստանցի առաջին չեմպիոն , մարմնամարզիկ Հրանտ Շահինյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը: Հյուրերը եղան Օլիմպավանում, ծանոթացան մասնագիտական դահլիճների մարզումային գերժամանակակից պայմաններին: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը խոստովանեց, որ արդեն իր համար հասկանալի են Հայաստանի մարզիկների ամենամյա հաջողությունների գաղտնիքները: Նա նաև ասաց. պարոն Ծառուկյան, եթե ազգային օլիմպիական կոմիտեներում Ձեր նման հինգ նախագահ ունենայինք, ապա ՄՕԿ –ը ոչ մի հոգս ու խնդիր չէր ունենա:
Գագիկ Ծառուկյանը իրականացրեց իր բազում մտահղացումներից ևս մեկը : << Հրազդան >> մարզահամալիրի տարածքում տեղադրեց ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր << Արարատի >> ֆուտբոլիստների արձանախումբը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ 2016թ. հոկտեմբերի 10-ին, Երևանի << Արարատի >> մեծ հաղթանակների 43-ամյա տարեդարձի օրը:
Այնուհետև բեմ հրավիրվեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա ասաց, որ մեր սպորտը դեռևս բազմաթիվ խնդիրներ ունի լուծելու : Եվ միայն համատեղ ջանքերով է հնարավոր հաղթահարել դժվարությունները ու լուրջ հաջողությունների հասնել միջազգային ասպարեզներում : Սա է գլխավոր պահանջը :
Բանախոսն ընդգծեց մարզիչների ցածր աշխատավարձի, բազմաթիվ մարզադպրոցների անշուք վիճակի, անորակ մարզոցների ու հանդերձանքի պակասի, հատկապես մարզերում նոր մարզօջախներ կառուցելու անհրաժեշտության մասին և այլն:
Առայժմ ունենք շուրջ 15 օլիմպիականներ: Ամեն ինչ արվում է նրանց նախապատրաստությունը լիարժեք կազմակերպելու համար, նպատակով, որ մերոնք հաջողության հասնեն Տոկիոյի օլիմպիական խաղերում:
Գագիկ Ծառուկյանին ուղղվեցին բազմաբնույթ հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ:
Հակիրճ խոսքով հանդես եկան նաև մարզաշխարհի ներկայացուցիչները: Հայրենական սպորտի երախտավորներ, Հայաստանի 20 –րդ դարի լավագույն մարզիկ, օլիմպիական եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը, սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ, գիտությունների դոկտոր Արմեն Գրիգորյանը, ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, ՀՀ վաստակավոր մանկավարժ և մարզիչ Դերենիկ Գաբրիելյանը, սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը ասացին, որ Հայաստանի օլիմպիականները կաշխատեն խաղերում արդարացնել սպասելիքները:
Հանդիպումն անցավ ջերմ, մարզական մթնոլորտում: