Բուդապեշտում անցկացված Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի առաջնությունում իր համար անսովոր, ավելի բարձր ՝ 77 կգ քաշային կարգում հանդես եկավ երևանցի Մալխաս Ամոյանը: Նորամուտը հաջողությամբ պսակվեց:
Հետաքրքիր էր նրա հինգերորդ << բեմելը >> : Մրցագորգ բարձրանալուց, նախավերջին աստիճանից, Մալխասը միանգամից ցատկեց ասպարեզ:
Հեռուստադիտողիս համար ինչ որ խորհուդ կար մեր ըմբիշի գործողությունում: Կանխազգացինք, որ նա կուրախացնի, որ նրա ցատկը հաղթական է լինելու: Այդպես էլ եղավ:
Հայաստանի շնորհալի վարպետը գոտեմարտի ամբողջ ընթացքում << աշխատեց գլխով >> , ասել է թե՝ խելացի, մտածված էին նրա բոլոր ձեռնարկումները: Հակառակ պարագայում, մրցակիցների համեմատ քաշով ավելի թեթև Մալխասը, երևի թե չկարողանար հաղթահարել հինգ արգելքներ, որոնք յուրատեսակ էին և բարդ:
Նկատի ունենք հատկապես քառորդ եզրափակիչում աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, ադրբեջանցի Սանան Սուլեյմանովի և եզրափակիչում, Եվրոպայի մինչև 23 տարեկանների ոսկե դափնեկիր, թուրք Յունուս Էմրե Բաշարի հետ անցկացրած գոտեմարտերը, որոնք ավարտվեցին երևանցու առավելությամբ, համապատասխանաբար 6 : 5 և 4 : 3 հաշիվներով:
Գրանցված միավորները հուշում են, որ նշած մրցակիցները Մալխասի դեմ , << ատամները սրած >> են մտել ասպարեզ: Մրցել են ու . . . տապալվել:
Այս պարագայում արժե նշել , մեր չեմպիոնի տոնած մյուս երեք հանդիպումներում գրանցված հաշիվները. միևնույն ՝ 9 : 0՝ լիտվացու և շվեդի ու 5 : 1 ՝ սլովակի հետ գոտեմարտերում:
Դիտարժան էր Մալխասի ժեստը Բաշարի հետ հանդիպման վերջնամասում: Մրցագորգի վրա հեկեկացող պարտված մրցակցին մոտեցավ մեր պատվիրակը, ձեռքը մեկնելով բարձրացրեց նրան ՝ հավատարիմ մնալով օլիմպիական սկզբունքին. հարգիր քեզ պարտված մրցակցիդ , որի շնորհիվ դու չեմպիոն հռչակվեցիր:
Աշխարհի գործող չեմպիոն Մալխաս Ամոյանը դարձավ նաև Եվրոպայի ոսկե մեդալակիր և նրա հաղթանակի պատվին մարզադահլիճի կամարների ներքո, Հայաստանի օրհներգի հնչյունների ուղեկցությամբ, վեր խոյացավ մեր եռագույնը:
Կարծում ենք , որ վաստակավոր մարզիչ Համլետ Հովհաննիսյանի չեմպիոն աշակերտի առավել խոսուն հաղթանակները դեռ առջևում են:
Հայ մարզասերներին շատ ուրախացրին նաև պատվո պատվանդան բարձրացած մեր բրոնզե մեդալակիրները. Ռուդիկ Մկրտչյանը / 55 կգ /, Գևորգ Ղարիբյանը / 60 կգ / և Սլավիկ Գալստյանը / 67 կգ/:
Բուդապեշտին մեր հավաքականը հրաժեշտ տվեց լավ տրամադրությամբ: Նվաճած չորս մեդալները վկայում են գլխավոր մարզիչ Էդվարդ Սահակյանի ղեկավարած մարզչական խմբի և ըմբիշների անձնական մարզիչների հուսալի աշխատանքի մասին: