Վաստակավոր մարզիչ Վազգեն Բադալյանի ղեկավարությամբ Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը մարտի 26 –ից << խարիսխ է ձգել >> մայրաքաղաքի Օլիմպավանում:
Ուսումնամարզական հավաքին մասնակցող 26 տղաները հանդիսանում են մեր ազգային թիմի հերթափոխը: Ուստի որքան բարձր լինի նրանց կարգը, այնքան հուսալի կլինի մարզաձևի վաղվա օրը: Սա Վազգեն Բադալյանի կարգախոսն է: Նա զրույցի ժամանակ նաև ասաց, որ ընթացիկ հավաքը թիմի համար վերջինն է ՝ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ապրիլի 13 –ին մեկնարկող Եվրոպայի առաջնության համար: Պետք է առավելագույնի հասցնենք տղաների ընդհանուր պատրաստականությունը:
-Դուք ճանաչված մասնագետ եք: Մեր բռնցքամարտում պատրաստել եք մի քանի սերունդ: Հիշենք Ձեր անվանի սաներից միջազգային մակարդակի վարպետներ Բաբկեն Սահրադյանին, Սուրեն Օհանյանին, Հայկ Պոստոլակյանին, Լեռնիկ Պապյանին, Վախթանգ / Վիկ / Դարչինյանին . . . ՁԵր գլխավորած այսօրվա թիմում նշած անուններին արժանի փոխարինող տղաներ կան , - հարցրինք Վ. Բադալյանին:
-Փառք աստծո , ունենք, և դրա համար պետք է շնորհակալ լինել տեղերում աշխատող իմ գործընկերներին , - պատասխանեց մեր զրուցակիցը: - Այսօր անուններ չտամ, բայց ասեմ , որ մի քանի քաշային կարգերում, օրինակ, 57 կգ, 60 կգ, 63 կգ և էլի մի քանիսում, մեկի փոխարեն 2 – 3 գրեթե հավասարազոր ուժերի տեր մարզիկներ ունենք: Նրանց սպորտային ապագան մեր ՝ մարզիչներիս ձեռքերում է: Ասել կուզեմ , որ բոլորս պետք է բռունցքվենք, բարձունքների հասցնենք մեր հետ հույսեր կապած տղաներին . . .
Հ. Գ. Թիմը Օլիմպավանի հավաքից հետո, ապրիլի 11 –ի լուսադեմին, կմեկնի Բուլղարիա: Ցանկանում ենք , որ մեր երիտասարդականը կարողանա կրկնել և, ինչու չէ, նաև գերազանցել Մոնտենեգրոյում նախորդ մրցաշրջանում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնության արդյունքը: Այնտեղ , դարձյալ վանաձորցի փորձառու մասնագետի ղեկավարությամբ, հայաստանցի չորս բռնցքամարտիկներ հասան եզրափակիչ և մեր հավաքականը հայրենիք վերադարձավ երկու ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ նվաճած