« ՀԱՏԻՍԻ » ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ

10:47 - 16 Մար, 2022

Հայաստանի կանանց բասկետբոլի բարձրագույն խմբի առաջնությունում վստահ մրցելույթներ է ունենում Երևանի « Հատիսը »: Բասկետբոլի հանրապետական ֆեդերացիայի մրցավարական հանձնախմբի նախագահ Դրաստամատ Մուրադյանը զրույցի ժամանակ ասաց, որ հատիսցիները առաջնությունում տարել են 15 հաղթանակ և ընդամենը մեկ անգամ են ճաշակել պարտության դառնությունը:  Թիմը մրցակիցների նկատմամբ առավելության է հասնում հիմնականում խաղակցվածության ՝ միմյանց գործողությունները ճիշտ կռահելու և խաղի ընթացքը  անսխալ շարունակելու շնորհիվ: Իհարկե, պետք է գնահատել նաև մարզուհիների ընդհանուր լավ պատրաստականությունը, մանավանդ գնդակի վճռական նետումների արդյունավետությունը:

Նշած որակները առկա էին գյումրեցիների նկատմամբ երեկ տոնած հաղթանակում ՝  98 : 81: Ավելորդ չէ նշել , որ մրցաշարային աղյուսակի առաջատարի խաղացող Սարա Էդմոնդը  վաստակեց 30 միավոր,  կատարեց 7 արդյունավետ փոխանցում և ճանաչվեց հանդիպման լավագույն մարզուհի:

Այսօր տեղի կունենա  «Երևան Բասկետ» - «Գյումրի» խաղը:

Երեկ   կայացավ նաև ՀՀ տղամարդկանց բասկետբոլի VBet Ա լիգայի՝  փլեյ-օֆֆի  ԲԿՄԱ  և «Արցախ» թիմերի առաջին մրցամարտը: Մեծ առավելությամբ ՝ 90 : 70 հաշվով հաղթեցին բանակայինները: Այդ ակումբների երկրորդ հանդիպումը նշանակված  է այսօր: Ենթադրվում է, որ արցախցիներն այս անգամ  անզիջում պայքար կմղեն մրցակցի դեմ:

 

 

Այլ նորություններ