ՏԱՐԲԵՐ ՁՈՒԼՎԱԾՔԻ ՄԵԴԱԼՆԵՐ

15:17 - 14 Մար, 2022

Երկուական արծաթե և բրոնզե մեդալ նվաճեց վաստակավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած  Հայաստանի ըմբիշների թիմը Բուլղարիայի Պլովդիվում անցկացված Եվրոպայի մինչև 23 տարեկան ազատ ոճայինների առաջնությունում:

Խախտենք ավանդույթը և առաջինը նշենք բրոնզե մեդալակիրների՝  երևանցիներ Էրիկ Հարությունյանի / 57 կգ / և Նորիկ Հարությունյանի / 61 կգ / անունները:

Հարությունյան ազգանունով մեր երրորդ մեդալակիրը արմավիրցի Նարեկն է , ով 70 կգ քաշայինների պայքարում արժանացավ արծաթե մեդալի: Նրա թիմակից, արտաշատցի Հրաչ Մարգարյանը / 65 կգ / նույնպես դարձավ  փոխչեմպիոն: Հրաչի անունը հատուկ վերջում նշեցինք, քանզի նա վաստակավոր մարզիչ Ռազմիկ Գոլեցյանի անվան մարզադպրոցի առաջատարի համարում ունեցող միևնույն քաշային կարգի երրորդ շնորհալի ըմբիշն է: Նրա ընդհանուր պատրաստականության մասին հարցրինք դպրոցի լավ ավանդույթները պահպանելու գործում զգալի ներդրում ունեցող, վաստակավոր աշխատող Գրիգոր Սիմոնյանից:  Նա բարձր գնահատեց մասնավորապես Հրաչի տեխնիկական հնարքների բազմազանության, տակտիկական ու ֆիզիկական լավ որակները:  Ըմբիշը որոշ թերացումներ ունի թերևս կամային հատկանիշի առումով: Մասնագետը հավատում է, որ իրենց դպրոցի սանը կշտկի նաև այդ բացթողումը, որի պատճառով միավորների տարբերությամբ տանուլ տվեց ոսկու համար մղած պայքարը:

Հավատանք, որ երկու տարի առաջ Եվրոպայի երիտասարդների չեմպիոնի կոչումը նվաճած  Հրաչյա Մարգարյանը նպատակային մարզումները կշարունակի և առաջիկա մրցաշարերում  դարձյալ տեղ կգտնի չեմպիոնական պատվանդանին:

 

 

 

Այլ նորություններ