Ինչպես հայտնի է, այսօր և վաղը, Լոս Անջելեսում տեղի կունենան Հայաստանի և Ֆրանսիայի տղամարդկանց բասկետբոլի հավաքականների ընկերական հանդիպումներ:
Հայկական համայնքի համար մարզական այդ միջոցառումը բացառիկ իրադարձություն է:
Տեղի ԶԼՄ – ների ամենօրյա ուշադրության կենտրոնում է մեր բասկետբոլի գլխավոր թիմի առօրյան: Իրար հաջորդած հարցազրույցները, ռեպորտաժները մեծ հետաքրքրություն են առաջացրել ամերիկահայ մարզասերների շրջանում: Սա պատահական չէ, որովհետև Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթող և ոսկե մեդալակիր մեր ընտրանու մրցակիցը աշխարհամասի փոխչեմպիոն Ֆրանսիայի պատկառազդու հավաքականն է:
Մեր թիմի գլխավոր մարզիչ, ամերիկյան բասկետբոլի բազմափորձ մասնագետ Ռեքս Քալամյանը ասել է, որ ծավալուն աշխատանք են կատարում այս հանդիպումներում հաջողության հասնելու, հայրենակիցների սպասելիքները արդարացնելու նպատակով: Նա հպարտանում է իր սաներով, որոնք թեև բնակվում են աշխարհի տարբեր ծեգերում, բայց միմյանց, ինչպես ասում են, կես խոսքից հասկանում են: Մեր թիմի գործողություններում առկա է խաղակցվածությունը,որը կարևոր հանգամանք է համարվում:
Նշանավոր մասնագետը նաև ասել է, որ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հրավերով, ընկերական հանդիպումներից հետո, ինքը կգա հայրենիք և մարզումներ կանցկացնի երիտասարդ բասկետբոլիստների հետ: Նպատակ կա բարձրացնել նրանց տեխնիկատակտիկական որակները և ընդհանուր պատրաստականությունը, որպեսզի երկրի հավաքականը արժանի խաղացողներով համալրվի: