Մեր երկրում խճուղային հեծանվավազքի խմբեր են գործում Երևանում ,Վանաձորում և Մասիսում: Կան նաև տարիքային տարբեր խմբերի հավաքականներ, որոնք նախապատրաստվում են Եվրոպայի , աշխարհի առաջնություններին: Դրանք կանցկացվեն համապատասխանաբար Պորտուգալիայի Անադիա քաղաքում ՝ հուլիսին, Իսրայելի Թել Ավիվում ՝ օգոստոսին :
Հեծանվորդները կարևորում են նաև Սլովակիայի Բանկա Բիստրիցա քաղաքում հուլիսի 24 – 29 –ը անցկացվելիք Եվրոպայի օլիմպիական երիտասարդական ամառային փառատոնը:
Ստուգատեսներում հաջողության հասնելու նպատակով հեծանվորդները մարզիչների ղեկավարությամբ պարապմունքներում տասնյակ կիլոմետրեր են հաղթահարում: Նրանց խմբերին կարելի է տեսնել Երևանից Էջմիածին, Արմավիր, Արտաշատ, Արարատ , Երասխ ձգվող մայրուղիներում: Արտաշատից վերադարձող մի խմբի ակամա ուղեկցող հանդիսացանք: Նրանց հետ պարապմունքը << ավարտեցինք >> ԿԳՄՍ նախարարության օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում: Տնօրեն, վաստակավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը հետևում էր << երկաթե նժույգներ >> հեծած պատանիների գործողություններին: Նրանք առաջին քայլերն էին կատարում 200 մետր պարագծով ասֆալտապատ հատվածում: Իմացանք, որ ավանդույթներով հարուստ այդ մարզօջախի խմբերում ընդգրկված են տարբեր տարիքի 241 սաներ: Բազմափորձ տնօրենն ասաց, որ բնածին օժտվածներ կան, մնում է, որ նրանց կարողանան դարձնել միջազգային մակարդակի վարպետներ . . .