30 տարի առաջ, հունվարին, Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը մեկնեց Իրան և մասնակցեց << Արևածագի 10 օր >> անվանումով միջազգային մրցաշարին: Ավելի քան 15 երկրների թիմերի պայքարում մերոնք բացահայտ առավելություն դրսևորեցին մրցակիցների նկատմամբ և գրավեցին առաջին տեղը:
Ստուգատեսի ավարտից հետո, տեղի մարզական կազմակերպությունները, ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, գյումրեցի Արամ Սարգսյանին առաջարկեցին մի քանի ամսով մնալ Իրանում, համատեղ ուսումնամարզական հավաքներ անցկացնել տեղացի ըմբիշների հետ: Բացի այդ, ցանկացան, որ հայ մարզիկները մրցաշրջագայություն կատարեն Իրանի խոշոր քաղաքներով:
Առաջարկությանը միանգամից համաձայնեց նորանկախ մեր երկրի սպորտի պետական կառույցի ղեկավարությունը:Նման որոշումը միանգամայն հասկանալի էր: Մեզանում իշխող ցուրտ, մութ, խոնավ ու ջրազուրկ դահլիճները վանում էին հայ մարզիկներին:Մինչդեռ Իրանում բոլորովին այլ էին պայմանները:
ՀՀ հավաքականը բարձր տրամադրությամբ հայրենիք վերադարձավ գարնանը: Ուրախ էին նաև իրանցի մասնագետները: Մինչ այդ, հարևան երկրում գրեթե զրոյական վիճակում էր մարզաձևը:Այնուհետև Իրանում մեծ առաջընթաց ապրեց հունահռոմեական ըմբշամարտը և այդ երկրի պատվիրակները մեծ հաջողությունների են հասնում միջազգային պաշտոնական՝ նույնիսկ ամենախոշոր ստուգատեսներում:
Իրանի միջազգային հերթական ավանդական մրցաշարը կմեկնարկի վաղը ՝ փետրվարի 23 –ին:Մրցագորգ կելնեն նաև Հայաստանի ըմբիշները:
Հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանի հետ Թեհրան են մեկնել` Ռուդիկ Մկրտչյանը (55կգ), Նորայր Հախոյանը (55կգ), Արմեն Մելիքյանը (63 կգ), Հրաչյա Պողոսյանը (63կգ), Սերյոժա Բեռնեցյանը (72կգ), Էմիլ Ավետիսյանը (77կգ), Էրիկ Էլոյանը (82կգ), Կարեն Խաչատրյանը (87կգ) և Դավիթ Օվասապյանը (130կգ):
Մարզչական խորհրդում են նաև Սամվել Գևորգյանն ու Արսեն Մակվեցյանը:
Մրցանակակիրները հայտնի կդառնան փետրվարի 25-ին :