Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նորընտիր նախագահ, ռուսաստանցի Ումար Կրեմլյովի նախաձեռնությամբ, կազմակերպության գործադիր կոմիտեի որոշումով, 2022թ. տեղի կունենա աշխարհի գավաթի թիմային խաղարկությունը: Մրցավայր է ընտրված Ռուսաստանի Դաշնությունը: Այդ երկրի 15 մարզերում, ավելի քան 40 երկրների պատվիրակների մասնակցությամբ նախ կանցկացվեն խմբային մրցաշարերը: Լավագույններն այնուհետև հանդես կգան Մոսկվայում նշանակված գլխավոր եզրափակիչում, որտեղ կորոշվեն աշխարհի գավաթակիրներն ու մրցանակակիրները:
Ընդհանրապես բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկության սկիզբը դրվել է 1979 թ.: Մրցումների ձևաչափը և հաճախականությունը երբեմն փոփոխություն է կրել: 1979 – 1998թթ. գավաթը խաղարկվել է երկու տարին մեկ, ապա՝ քառամյակը մեկ անգամ: 2002 – 2006թթ. տեղի է ունեցել թիմային երեք մրցաշար, որին կրկին հաջորդել է անհատականը / 2008թ. /:
Միջազգային պատվավոր այդ ստուգատեսում հանդես են եկել նաև կաշվե ձեռնոցի հայաստանցի վարպետները: Երևանցիներ Իսրայել Հակոբկոխյանը / 67 կգ /, Նշան Մունչյանը / 48 կգ / և էջմիածինցի Անդրանիկ Հակոբյանը / 75 կգ / դարձել են գավաթակիրներ:
Արծաթե մեդալներ են նվաճել երևանցիներ, գերծանրքաշային Խորեն Ինջեյանը, Ալբերտ Նիկոլյանը / 81 կգ /, վանաձորցի Սամսոն Խաչատրյանը / 57 կգ / , երևանցի Նշան Մունչյանը / 48 կգ /: Բրոնզե պարգևի են արժանացել Սամսոն Խաչատրյանը / 57 կգ /, վանաձորցի Վախթանգ Դարչինյանը/ 51 կգ / , երևանցիներ Արամ Ռամազյանը / 54 կգ / և Արտյոմ Սիմոնյանը / 57 կգ /:
Մեդալակիրների ցանկը հուշում է, որ Սամսոն Խաչատրյանը և Նշան Մունչյանը աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի մրցանակակիր են:
Ի դեպ, Խ. Ինջեյանը, Ա.Նիկոլյանը, Ս.Խաչատրյանը, Ի.Հակոբկոխյանը և Ն. Մունչյանը / արծաթը / ԽՍՀՄ հավաքականի կազմում են դարձել մեդալակիրներ: Վ.Դարչինյանը, Ա.Ռամազյանը և Ա. Սիմոնյանը ՝ Եվրոպայի հավաքականի կազմում, իսկ գավաթակիրներ Ն.Մունչյանը, Ա. Հակոբյանը ներկայացրել են անկախ Հայաստանը:
Հարկ է նշել, որ բռնցքամարտի աշխարհի գավաթի թիմային վերջին խաղարկությունը տեղի է ունեցել 2006թ.: Եվ ահա 15 –ամյա ընդմիջումից հետո վերականգվում է այդ հեղինակավոր ստուգատեսը:
Վստահ լինենք, որ բռնցքամարտի հայկական դպրոցի մերօրյա վարպետները կշարունակեն իրենց նախորդների ստեղծած բարի ավանդույթները: