Ուղիղ 100 օր հետո՝ 2022թ. փետրվարի 4-ին, Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կմեկնարկի ձմեռային 24 –րդ օլիմպիական խաղերը։ Այդ առթիվ տեղի ունեցավ տոնական արարողություն: Ցուցադրվեցին խաղարկվող մեդալների օրինակները: Դրանք կրում են «Tong Xin», անվանումը, որը նշանակում է «Միասնություն, ամբողջություն»:
Մեդալի դիմերեսին հինգ օղակներն են , որոնք խորհրդանշում են օլիմպիական ոգին, և այն, որ նաև սպորտն է միավորում աշխարհը:
Դիզայնը հիմնված է չինական հնագույն նեֆրիտե կախազարդերի վրա՝ համակենտրոն շրջանակներով:
Ոսկե, արծաթե և բրոնզե մրցանակների ձևը պարզ է և հիշեցնում է 2008թ.Պեկինի ամառային օլիմպիական խաղերի մեդալները: Սա ընդգծում է այն փաստը, որ Պեկինը աշխարհում առաջին քաղաքն է, որը հյուրընկալում է և՛ ամառային, և՛ ձմեռային խաղերը։
Մրցանակների ժապավենները պատրաստված են կարմիր մետաքսից, որը խորհրդանշում է երկրի գլխավոր տոնը՝ չինական նոր տարին։ Մեդալի տուփը պատրաստված է բամբուկից և պատված է կապույտ լաքով։
100 օրվան նվիրված միջոցառումը անցկացվեց «Միասին հանուն ընդհանուր ապագայի» նշանաբանով:
Հիշեցնենք, որ Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերը տեղի կունենան 2022թ. փետրվարի 4-20-ը։ Մեդալներ կխաղարկվեն յոթ մարզաձևերի 109 մրցաձևերում: