Տոկիոյի օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ, ավանդույթի համաձայն, տեղի կունենա երդման արարողություն: Դրան կմասնակցեն ճապոնացի մեկական մարզիկ- մարզուհի, երկուական մարզիչ և մրցավար:
Օլիմպիական դրոշը բարձրացնելուց հետո նրանք կսկսեն երդումը.
<< Խոստանում ենք օլիմպիական խաղերին մասնակցել ՝ հարգելով և պահպանելով արդար խաղի և հավասարության կանոնները:
Մենք միասնական ենք, համերաշխ և պարտավորվում ենք մրցել առանց դոպինգի, խաբեության և խտրականության: Կպահպանենք օլիմպիզմի սկզբունքները ՝ սպորտի միջոցով աշխարհն ավելի լավը դարձնելու համար >>:
Օլիմպիական երդումն առաջին անգամ տրվել է 101 տարի առաջ՝ Անտվերպենում, 1920 թվականին: Թիմակիցների անունից ելույթ է ունեցել բելգիացի սուսերամարտիկ Վիկտոր Բոյնը: Առաջարկն արել է այն ժամանակվա ՄՕԿ-ի նախագահ Բարոն Պիեռ դե Կուբերտենը:
Բնագրի բառերը անփոփոխ են եղել շուրջ 80 տարի, մինչև որ Սիդնեյի խաղերում ներկայացվել է հակադոպինգային դրույթը:
Մրցավարների երդումն առաջին անգամ տվել է ճապոնացի լեռնադահուկորդ Ֆումիո Ասակին ՝ 1972թ. Սապպորոյի ձմեռային օլիմպիական խաղերում:
Մարզիչների երդումը ներկայացվել է Լոնդոնի 2012թ. խաղերում, թեև այն արդեն հնչել էր Սինգապուրում 2010թ. կայացած ամառային պատանեկան օլիմպիականում:
Սկսած Պհենչհանի / 2018թ. / խաղերից բոլոր երեք երդումները տրվել են միասին: