Պատանեկան Օլիմպիական խաղերում արժանապատիվ ներկայացանք. Գագիկ Սարգսյան

14:12 - 20 Փետ, 2016

Հայաստանի դահուկասահքի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը Հայաստանի մասնակցությունը պատանեկան Օլիմպիական խաղերին համարում է արժանապատիվ: ՀԱՕԿ լրատվական հետ զրույցում Սարգսյանը խոսեց միակ դահուկորդ Միքայելյանի մեկնարկների, միջազգային այլ կառույցների հետ համագործակցության մասին և ամփոփեց պատանեկան երկրորդ Խաղերը:

 

-Պարոն Սարգսյան, պատանեկան Օլիմպիական խաղերում դահուկավազքի մրցումներում Հայաստանի միակ ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը երեք մեկնարկ ունեցավ այս խաղերում: Խնդրում եմ Ձեր մեկնաբանությունը այս երեք մրցավազքերի մասին:

-Երեք մեկնարկներն էլ տարբեր էին: Առաջին մեկնարկում իր համար ամեն ինչ նոր էր, քանի որ դահուկավազք-կռոսը Նորվեգիայում ազգային ձև է, բայց Միքայելի համար նորություն էր: Մենք մեր առաջ խնդիր չունեինք դրած որևէ տեղի համար պայքարելու: Մենք արժանապատիվ ներկայացանք պատանեկան Օլիմպիական խաղերում: Նա արագավազորդ չէ և առհասարկ նա մրցումային շատ քիչ փորձ ունի: Հաշվի առնելով տարիքը և ունեցած մեկնարկների քանակը` պարզապես եկել էինք մասնակցության համար: Սակայն չեմ կարող չշեշտել, որ 10 կմ ազատ ոճում ցույց տվեց, որ իսկական մարզիկ է իր մարտական ոգով: Եթե համեմատենք, ապա մի կողմում մարզիկներն են իրենց քաշային, հասակային և կառուցվածքային ձևով, մյուս կողմում Միքայելը: Այս տարիքում խնդիր չունենք գերծանրաբեռնված մեկնարկներ ունենալու:

-Ստացվում է այնպես, որ այս խաղերին էլ էինք  մասնակցում Օլիմպիական կարգախոսով՝ կարևորը մասնակցությունն է:

-Գիտեք, մենք այս կարգախոսը արդեն փոխել ենք Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ: Մեզ համար կարևորն արժանապատիվ մասնակցությունն է: Ֆեդերացիայի նախագահ Արմեն Երիցյանի կողմից խնդիր է դրված ամեն Օլիմպիական խաղերից հետո մի քայլ առաջ կատարել: Մենք ունենք այդ քայլ առաջը: Երբ համեմատում ենք Ինսբրուքի և Լիլեհամերի Խաղերը, առաջխաղացումն իսկապես մեծ է:

՞նչ են տալիս Հայաստանի նման երկրներին և մարզիկներին նմանատիպ խոշորամաշստաբ մրցաշարերին մասնակցելը:

-Առաջին հերթին` հենց այս կարգի մրցաշարերից է, որ շատ բան ենք սովորում: Այստեղ սովորածը վստահաբար կկիրառվի մեր կողմից թե' Հայաստանի առաջնությունների ժամանակ և թե' մեզ մոտ կազմակերպվող մրցաշարերում: Հենց Միքայելի մոտ շատ բան է փոխվել՝ ինքնավստահություն, ավելի մեծ ցանկություն բարձր արդյունքներ գրանցելու համար և հաստատակամություն:

- Այլ կառույցների հետ համագործակցության նոր եզրեր եք գտա՞ք:

-Այո, անցած օրերին ընթացքում մի շարք հանդիպումներ են եղել միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ, մասնավորապես Նորվեգիայի դահուկասպորտի ֆեդերացիայի հետ: Այս հանդիպումների ընթացքում որոշվեց ավելի խորացնել մեր համագործակցությունը, որը մոտ ապագայում կտա իր արդյունքները:

՞նչ տպավորություններով եք հեռանում Լիլեհամերից:

-Ինձ համար ցանկացած մարզական միջոցառում ճանաչել է տալիս այդ երկրի ժողովրդին: Հաճելիորեն զարմացած եմ, քանի որ եթե փորձենք բացասական ինչ որ բան գտնել այս խաղերում, ապա չենք կարողանա: Ամեն ինչ հաշվի էին առել, մտածել էին և ստացել էին իդեալական խաղեր: Եթե կա աշխարհում դահուկային մշակույթ, ապա այդ ամենի կիզակետը Նորվեգիան է: Պատանեկան խաղերը չէին տարբերվում մեծահասակների Օլիմպիական խաղերից, գուցե միայն քանակով:

 

Լիլեհամեր, Նորվեգիա

ՀԱՕԿ լրատվության բաժին  

Պաշտոնական գործընկեր` Ucom

 

Այլ նորություններ