Այս մեկնարկներից հետո վստահությունս սեփական ուժերիս նկատմամբ ավելի մեծացավ. Միքայել Միքայելյան

13:32 - 20 Փետ, 2016

Ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերն օլիմպիական գաղափարախոսության շուրջ են միավորել աշխարհի տարբեր ծայրերից ժամանած տարբեր մարզաձևերի ներկայացուցիչների: 10 օր շարունակ նորվեգական Լիլեհամեր քաղաքում միմյանց ջերմորեն ողջունում էին տարբեր մայրցամաքներից ժամանած մարզիկներն, ովքեր օրվա սկզբում մրցում էին միմյանց դեմ, երկրորդ կեսին կիսվում տպավորություններով, իսկ երեկոյան արդեն հանդիպում ընդհանուր ճաշարանում: Հայաստանի երկու ներկայացուցիչներից դահուկորդ Միքայել Միքայելյանը ներայացավ ազատ ոճում և արագավազքում: ՀԱՕԿ լրատվության հետ զրույցում հայ դահուկորդը խոսեց նորվեգական կազմակերպվածության, գրանցած արդյունքների, նոր ընկերների և տպավորությունների մասին:

 

-Միքայել, ի՞նչ տպավորություններ ստացար պատանեկան Օլիմպիական խաղերից:

-Պատանեկան Օլիմպիական խաղերի կազմակերպվածությունը պարզապես հիանալի է, նորվեգները հսկայական փորձ ունեն նմանատիպ մրցաշարեր կազմակերպելու հարցում: Չեմ զարմանում, որ այս պատանեկան խաղերն այս կերպ իդեալական են կազմակերպված: Ես այս խաղերին նախապատրաստվել եմ ավելի քան մեկ տարի:

-Պատանեկան Խաղերը մոտենում են ավարտին, արդյո՞ք հասցրել ես նոր ընկերներ գտնել:

-Իհարկե, գտել եմ նոր ընկերներ տարբեր ազգություններից և տարբեր մարզաձևերից: Բացի ընկերական հարաբերություններից հասցրել ենք նաև փորձի փոխանակում կատարել: Մինչ խաղերի մեկնարկը ծանոթացել էի ապագա չեմպիոնների հետ, նույնիսկ չմտսծելով՝ որ ապագա Օլիմպիական չեմպիոնները հենց նրանք են: Անգամ Շվեդիայի կանանց հավաքականի անդամների հետ բավականին ջերմ փոխհարաբերություններ ունեմ, ովքեր լավագույններ էին մրցավազքում:

-Միքայել, խոսենք առաջին մեկնարկիդ մասին: Կարո՞ղ էիր ավելին անել:

-Առաջին մեկնարկի մասին խոսելով կարող եմ ասել, որ ամեն ինչ հրաշալի ստացվեց: Ես գոհ եմ իմ կատարած աշխատանքից և գրանցած արդյունքից:

՞նչ կասես արագավազքի մասին:

-Արագավազքի համար դահուկորդներին հարկավոր են մեջքի ուժեղ մկաններ և ուսեր: Ցավոք սրտի, տարիքս թույլ չի տալիս, որ հետնամկաններս ավելի զարգացած լինեն: Դա է հիմնական պատճառը, որ արագավազքում այդքան էլ լավ արդյունքներ չեմ գրանցում:

-Իսկ ի՞նչ կասես ազատ ոճի 10 կմ տարածությունում 26-րդ տեղը զբաղեցնելու մասին:

-Իհարկե այն լուրջ ձեռքբերում էր, բայց ես այդքան մեծ նվաճում չեմ համարում: Այս տարիքում հաղթում են այն մարզիկներն, ովքեր գերաճ ունեն: Այստեղ շատ-շատ են նման մարզիկները: Նրանք, օրինակի համար, 15 տարեկան են, բայց ունեն 2 մետր հասակ և իրենց տարիքի համեմատ բավականին մեծ են: Դա առավելություն է մինչև 18 տարեկանը, իսկ դրանից հետո նրանք պարզապես անհետանում են մարզական ասպարեզից: Այս մեկնարկներից հետո վստահությունս ավելի մեծացավ սեփական ուժերի նկատմամբ: 

-Ինչպե՞ս ես հիշելու պատանեկան Խաղերը:

-Համոզված եմ, որ հետագայում շատ առիթներ եմ ունենալու հիշելու Լիլեհամերի պատանեկան Օլիմպիական խաղերը: Կարծում եմ այս 10 օրերի ընթացքում գտած ընկերները միշտ կմնան և իրենց հետ նաև երկար ժամանակ արթուն կմնան այն դրական և արժեքավոր հիշողությունները, որոնք ձեռք եմ բերել այստեղ: Ինձ համար առավել տպավորիչն այն է, որ հիմա, երբ քիչ-քիչ մոտենում ենք ավարտին, Լիլեհամերում բնավ էլ մրցակցային մթնոլորտ չէ: Ես հասցրեցի ծանոթանալ նաև Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն բիաթլոնիստ Տուրա Բերգերի հետ, ով, ըստ իս, բավականին տգեղ էր (ծիծաղում է):  

Լիլեհամեր, Նորվեգիա

ՀԱՕԿ լրատվության բաժին  

Պաշտոնական գործընկեր` Ucom

 

Այլ նորություններ