ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

11:27 - 02 Հուն, 2021

Երևանի  օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  հունիսի մեկին տոնական շքեղ հանդիսություն տեղի ունեցավ: Այն նվիրված էր երեխաների պաշտպանության միջազգային օրվան:

Միջոցառումը կազմակերպել էր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն՝  նախագահ   Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ:

Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո,   << Օլիմպիական համերաշխություն >> ծրագրի շրջանակում կազմակերպված մարզամշակութային այդ միջոցառումը կրում էր    <<  Ապրենք, որ ապրեցնենք >> նշանաբանը:  

Դահլիճը լեցուն էր մանկական ժպիտներով, ուրախ ճռվողյունով, խինդ ու ծիծաղով:  Նրանք ներկայացել էին ՀԱՕԿ – ի նվիրած  սպիտակ մարզաշապիկներով, դրոշներով, լուսարձակներով . . .

Ընդհանուր ուրախ տրամադրությունը փոխանցվել էր նաև դահլիճում գտնվող մեծ չեմպիոններին, մարզաշախարհի ներկայացուցիչներին ու փոքրիկներին ուղեկցած ծնողներին:

Բեմահարթակում իրար էին հաջորդում տարբեր մարզաձևեր բովանդակող կատարումները: Դրանք մեծ հետաքրքրություն էին առաջացնում, քանզի պատանի հանդիսատեսը համակ ուշադրությամբ էր հետևում բոլոր ելույթներին: Դրանք խթան կհանդիսանան, որպեսզի  մանուկներն  ընդգրկվեն մարզախմբերում և  դառնան մեր ապագա օլիմպիականներն ու չեմպիոնները:

Հանդիսատեսը աշխուժացավ, դարձավ մարզասեր, երբ  դահլիճի մեծ էկրանին  կադրեր  երևացին հայաստանցի օլիմպիական չեմպիոնների վեհացնող մրցելույթներից:

Պատանի հանդիսավարները խոսեցին օլիմպիական խաղերից, խորհրդանիշերից, Տոկիոյում կայանալիք առաջիկա մարզահանդեսից և իհարկե այնտեղ մեկնող Հայաստանի մարզական պատվիրակությունից:

Մեկընդմեջ հնչում էր մանկական ուրախ երգն ու երաժշտությունը:

Ներկաների համար մի պահ ստեղծվեց ճապոնական միջավայր, երբ բեմը տրամադրվեց ծագող արևի երկրի մարտարվեստների ներկայացուցիչներին:

Օրվա առթիվ շնորհավորանքի խոսք ասաց ՀԱՕԿ նախագահի օգնական Մանե Մուրադյանը:

Այնուհետև  բեմ հրավիրվեց ՀԱՕԿ  նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Նրա ողջույնն ու անմիջական խոսքը մտերմիկ էր ու ջերմ: Պարոն Ծառուկյանն ասաց, որ ամեն բան պետք է անել, որպեսզի  մեր երեխաներն ունենան  անհոգ, երջանիկ  մանկություն: Իսկ  մանուկների երջանիկ  կյանքն ու ապագան պետք է ապահովեն մեծահասակները: Մեծանուն բարերարը ցանկացավ , որ իրականան բոլոր տղաների և աղջիկների երազանքները:

Ավանդույթի համաձայն միջոցառումը եզրափակվեց հայոց  մարզաշխարհին նվիրված օլիմպիական օրհներգով:

 

 

 

Այլ նորություններ