Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը լրագրողների հետ զրույցում ամփոփեց Դոհայում կայացած աշխարհի Գավաթի 9-րդ խաղարկությունում հայ մարմնամարզիկների ելույթները:
«Ես շատ գոհ եմ տղաների ելույթներից: Նրանք կատարեցին իրենց առջև դրված բոլոր խնդիրները: Գավաթից առաջ Դոհայում հավաք անցկացրեցինք, ինչը շատ դրական անդրադարձավ մեր մարզիկների վրա: Այս գնահատականները մեդալ են ապահովում թե՛ աշխարհի առաջնությունում, թե՛ Օլիմպիական խաղերում: Ինչ վերաբերում է Արթուր Դավթյանին, մենք հատուկ նպատակ չունեինք, որ նա անպայման մեդալ նվաճի Դոհայում: Նա ներկայացավ բոլոր գործիքների վրա և շատ լավ կատարեց իր առաջին ցատկը, երկրորդ ցատկի ժամանակ սխալ թույլ տվեց, ուրախ եմ, որ ճիշտ կողմնորոշվեց և առանց վնասվածքի ավարտեց ցատկը: Չորրորդ տեղն էլ վատ արդյունք չէր, նա շատ քիչ է զիջել մրցանակակիրներին: Արթուրի հետ կապված՝ էականը Ռիոյում կայանալիք «Թեսթ իվենթն» է, որտեղ պետք է հաստատենք մեր նվաճած ուղեգրերը»,- ասաց Սերոբյանը:
Դոհայում կայացած աշխարհի Գավաթի 9-րդ խաղարկությունում Հարություն Մերդինյանը նժույգթափերում գրավել էր առաջին տեղը, օղակների վարժությունում Վահագն Դավթյանը նվաճել էր արծաթե, իսկ Արթուր Թովմասյանը` բրոնզե մեդալ:
ՀԱՕԿ լրատվության բաժին