Անթիվ - անհամար են հրաձգուհի Երջանիկ Ավետիսյանի տարած հաղթանակները, անքան շատ , որ, օրինակ չի հիշում թե քանի անգամ է դարձել աշխարհի գավաթակիր: Էլ չասենք աշխարհի , Եվրոպայի առաջնություններում նրա նվաճած բազմաթիվ ոսկե մեդալների մասին: Նա ստենդային հրաձգությունում իրեն այնպես է զգում , ինչպես ձուկը ՝ ջրում:
- Աշխարհի բոլոր հրաձգարաններն են ինձ հարազատ, - զրույցի ժամանակ ասաց մեծագույն նշանառուն: - Երևի նրանից է, որ ամենուրեք հաջողակ եմ եղել:
- Գուցե հավելենք, որ ձեր սերն անափ է մարզաձևի ՝ թռչող ափսեի նկատմամբ:
- Ճիշտ նկատեցիք: Նախկինում մեր մրցաձևը կոչվում էր << թռչող ափսե >>, իսկ այժմ՝ << ստենդային >>: Ի դեպ, արցախյան վերջին պատերազմը, որը ցավալի ավարտ ունեցավ, ապացուցեց իմ մարզաձևի կարևորությունը: Դատեցեք ինքներդ: Ափսեանետից արագությամբ օդ թռչող ափսեին պիտի վայրկյանների ընթացքում հասցնես դիպուկ կրակոցով ջարդել: Ռոման Հովհաննիսյան անունով մի մարդ ականատես դարձավ իմ պարապմունքներին: Զգացի, որ հրապուրվել է: Մարզիչ ամուսինս ՝ Գոռ Բարսեղյանը, նրան հրացան, մի քանի խորհուրդ տվեց ու նա սկսեց օդ կրակել: Անցան ամիսներ: Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո իմացանք, որ նա ափսեից հազարապատիկ մեծ չափերի ԱԹՍ- ներ է խոցել:
Հիմա Հայաստանում ստենդային հրաձգության միայն մեկ օջախ կա: Այն գտնվում է Արտաշատի Այգեզարդ գյուղում, կառուցվել է մեր ընտանիքի միջոցներով : Ամեն բան համապատասխանում է միջազգային չափանիշներին: Մեր տեղը գիտե միայն Իրանի ֆեդերացիան: Այդ երկրի հավաքականը քանիցս ուսումնամարզական հավաք է անցկացրել մեզ մոտ, հիացել հրաձգարանով, օժանդակ հարմարություններով, հյուրանոցային համարներով . . . Եթե հատկացվեն մարզչական հաստիքներ,ապա ինչպես ԽՍՀՄ տարիներին էր , մարզվողների հօծ խմբեր կունենանք ու մեր բանակին խիստ անհրաժեշտ հրաձիգ զինվորներ կպատրաստենք:
- Հայտնի է , որ Գոռ Բարսեղյանը վաստակավորի եռակի կոչում ունի:Նա Հայաստանի , Խորհրդային Միության և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր մարզիչ է: Հետաքրքիր է մասնագետ ամուսինը խանգարում, թե օգնում է իր տիկնոջը:
- Անվանս համապատասխան՝ երջանիկ եմ,որ նման մասնագետի ղեկավարությամբ եմ պարապում: Մարզական երկարակեցության համար հենց Գոռին եմ պարտական:Նա միջազգային ճանաչում ունի և մեծ հեղինակություն է վայելում գործընկերների շրջանում:
Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլերից մեկում հյուրանոցից անտրամադիր մեկնեցի հրաձգարան: Դա չվրիպեց արդեն այնտեղ գտնվող ամուսնուս աչքից: Նա ժպտաց ինձ ու բառացիորեն հետևյալն ասաց. << Այս պահին քեզ պարուրել է նախամեկնարկային տենդը: Դա լավ է, որովհետև քիչ անց լիովին կսթափվես և կրակագիծ կելնես մարտական տրամադրությամբ: Ավելին, այսօր նաև ռեկորդ ես սահմանելու >>: Իսկապես, 100 կրակոցից փշրեցի 99 ափսե և մեր ոգևորությունը փոխանցվեց մրցաշարի ընթացքին հետևող բազմահազար մարզասերներին: Անմոռանալի օր էր:
- Ասում են առաջիկայում միջազգային մրցաշարի եք մասնակցելու:
- Այո, Կահիրե ՝ աշխարհի գավաթի խաղարկություն եմ մեկնելու փետրվարի 20 –ին: Նպատակ ունեմ լավ հանդես գալ, դառնալ Տոկիոյի խաղերի մասնակից: Մարզաձևում խաղարկվող բոլոր բարձունքները նվաճել եմ, բայց պակասում է օլիմպիական մեդալը: