Այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի մոտ կայացան լսումներ Փհենչհանի օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկների մասնակցության թեմայով: Ներկա էին նախարարության, ՀԱՕԿ-ի ներկայացուցիչներ, Հայաստանի դահուկային սպորտի ղեկավարները, մարզիչներ ու մարզիկներ:
Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ ձմեռային մարզաձեւերում Հայաստանը դեռ չլուծված բազմաթիվ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ խնդիրներ ունի, սակայն դրանք քայլ առ քայլ լուծելով, առաջ ենք ընթանում: Նախարարը նաեւ անդրադարձավ օլիմպիական խաղերում լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի հետ կապված աղմկահարույց լուրերին, որը դարձավ լսումների հիմնական թեմա:
Դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանը մասնակցությունը գնահատեց բավարար.
«Մենք մասնակցեցինք երիտասարդ մարզիկներով եւ երկու սպիտակ քարտով, ինչը վկայում է, որ մենք հեռու ենք աշխարհի լավագույններից»:
Ֆեդերացիայի նախագահը նշեց, որ վերջին տարիներին կատարած աշխատանքների շնորհիվ Հայաստանի դահուկային սպորտը դուրս է եկել միջազգային ասպարեզ, եւ վերջին օլիմպիական խաղերին մեր մարզիկները մասնակցել են վարկանիշ ունենալով, իսկ վարկանիշային միավորներն առանց համապատասխան մարզագույքի հնարավոր չէ ձեռք բերել: Նաեւ ասաց, որ այսուհետեւ ֆեդերացիան հրաժարվելու է սպիտակ քարտերից:
Մարզիկ Աշոտ Կարապետյանն ասաց, որ իր ամբողջ կյանքի նպատակն օլիմպիական խաղերին մասնակցելն է եղել: Նա շնորհակալություն հայտնեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, որի շնորհիվ Փհենչհանում լուծվեց դահուկների հետ կապված խնդիրը, եւ ինքը կարողացավ հանդես գալ: Հետո մարզիկը տարբեր մեղադրանքներ հնչեցրեց ֆեդերացիայի հասցեին, որոնք ֆեդերացիայի փոխնախագահ Գագիկ Սարգսյանը մեկ առ մեկ հերքեց: Պարզորոշ նկատվում էր, որ փոխադարձ մեղադրանքներն ավելի շատ անձնական դրդապատճառներ ունեն, քան մարզական:
ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանն իր խոսքում նշեց, որ լուրջ խնդիր, ըստ էության, չի եղել, եւ ստեղծված իրավիճակն արդյունք է այն բանի, որ ֆեդերացիան օլիմպիական խաղերի նախապատրաստության ընթացքում եւ Փհենչհան մեկնելիս մարզիչներին եւ մարզիկներին հստակ չի տեղեկացրել այն քայլերի մասին, որոնք արվել են օլիմպիական խաղերում հաջող հանդես գալու համար:
Հրաչյա Ռոստոմյանն ամփոփիչ խոսքում նշեց, որ խոշոր մրցումների ժամանակ պատահում է, որ երկրների պատվիրակությունները չնախատեսված ինչ-ինչ խնդիրների առջեւ են հայտնվում եւ ընթացիկ լուծումներ գտնում են: Դա եզակի երեւույթ չէ:
«Սակայն անընդունելի է անձնական խնդիրները բերել մարզական դաշտ եւ խաղալ երկրի հեղինակության հետ», - ասաց նա:
Նախարարը ֆեդերացիայի ղեկավարությանն առաջարկեց լուծարել հավաքականը, մարզիչների եւ մարզիկների նոր ընտրություն կատարել, աշխատել ավելի թափանցիկ, ավելի ուշադիր եւ հոգատար լինել մարզիկների եւ մարզիչների հանդեպ, ամիսը մեկ անգամ հրավիրել ֆեդերացիայի նիստ բոլոր մարզիչների մասնակցությամբ եւ անելիքները քննարկել միասին: