ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԳՈՀ ՄՆԱՑԻՆ

10:37 - 06 Փետ, 2023

<<  Դինամոյում  >> ավարտվեց  Հայաստանի բռնցքամարտի  առաջնությունը: Մասնագետները հիմնականում գոհ մնացին մասնակիցների ընդհանուր պատրաստականությունից:

ՀՀ վաստակավոր մարզիչ , միջազգային կարգի մրցավար , փորձառու Ֆեդյա Ալեքսանյանը  նույնպես չդժգոհեց: Ասաց , որ գրեթե բոլոր քաշային կարգերում  շնորհալիներ կային: Մասնագետն ընդգծեց, որ բռնցքամարտիկը մենամարտի ամբողջ ընթացքում, առանց վայրկյան իսկ բացառության, բոլոր գործոններից բացի, առանձնանում է լարվածության առումով: Հասկանալի է, վայրկյանի ընթացքում նա պետք է կողմնորոշվի, հարված բաց չթողնի, դեռ ավելին, պիտի ինքը հարված կատարի:  

Այնուամենայնիվ, գրեթե միշտ, անկախ մրցումների նշանակությունից, մենամարտի հատկապես վերջնափուլում մարզիկները  հոգնում են. մեկը շատ, մյուսը ՝ համեմատաբար քիչ: Հանգամանքը գիտեն  և հասկանում են բոլոր մասնագետները: Որոշ գործընկերներ նույնիսկ  կռահում են թե ինչի հետևանքով, կամ ՝ որ մկանախմբերն են հոգնում, կորցնում աշխատունակությունը: Նման պարագայում  հատկապես անձնական մարզիչները պետք է կարողանան ճիշտ վարժություններ առաջադրել  սաներին: Այդ դեպքում մարզիկը մենամարտի վերջում իրեն կզգա այնպես, ինչպես հանդիպման մեկնարկում:

Չեմպիոններից Ֆ. Ալեքսանյանը առանձնացրեց  առաջինը ճանաչված, երևանցի Հենրիկ Սահակյանին  ( 54 կգ ) : Պարզապես լավ հատկանիշներով օժտված է այդ տղան: Իհարկե նա նաև թերություններ ունի, որոնք  կխագարեն լուրջ նվաճումների հասնել: Հուսանք, որ մարզիչները, ինչպես Հենրիկին, այնպես էլ մյուսներին ճիշտ մարզումներով ցանկալի պատրաստականության կհասցնեն:

ՀՀ չեմպիոններ դարձան նաև  Բարեղամ Հարությունյանը ( 48 կգ ), Ռուդոլֆ Գարբոյանը ( 51 կգ ),  Արթուր Բազեյանը ( 57 կգ ), Արթուր Ղազարյանը ( 60 կգ ), Արթուր Շախպազյանը ( 63,5 կգ ), Արարատ Հարությունյանը ( 67 կգ ), Զավեն Գալստյանը ( 71 կգ ), Վախթանգ Հարությունյանը ( 75 կգ ), Համբարձում Հակոբյանը ( 80 կգ ), Ռաֆայել Հովհաննիսյանը ( 86 կգ ), Անուշավան Մխիթարյանը ( 92 կգ ) և Դավիթ Չալոյանը ( +92 կգ )։

Կանանց մրցաշարում հայտավորված 14 մարզուհիները ներկայացնում էին քաշային երեք կարգ: Հաղթողի պատվին արժանացան  Գայանե Տեր-Բարսեղյանը  ( 48 կգ ) ,   Անուշ  Գրիգորյանը  ( 52 կգ /)  և   Տաթևիկ Խաչատրյանը  ( 57 կգ ):

Տղամարդկանց և կանանց հավաքականների անելիքների մասին ներկայացրել ենք առաջնության նախօրերին:

 

Այլ նորություններ