Օլիմպիական խաղերում հաջողության հասնելու մասին զրույցներում ասվում է, որ դա բոլորովին այլ մրցաշար է, որ այնտեղ մեդալակիր դառնալը ամեն մարդու բան չէ, գրեթե ուժերից վեր գործ է և այլն:
Իհարկե քառամյակը մեկ անցկացվող համաշխարհային մարզահանդեսում հաղթանակի հասնելը դժվար է , բայց՝ ոչ անհասանելի:
Ակամա հարց է առաջանում , իսկ ով է ասում , որ այլ մրցաշարերում մրցանակի արժանանալը հեշտ է: Դժվար են բոլոր մրցաշարերը, դժվար են տարիքային բոլոր խմբերի մրցումներում:
Ով է ասել , որ, օրինակ, հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը քիչ ջանք է գործադրել հաջողությունների հասնելու համար: Նա պատվո պատվանդանին է կանգնել համապետական, եվրոպական ստուգատեսներում, աշխարհի առաջնություններում, միջազգային բարձրակարգ մրցաշարերում և այլուր: Հաղթանակներ է տարել պատանեկան , երիտասարդական և մեծահասակների ստուգատեսներում: Եղել են դեպքեր, երբ կողմնակալ մրցավարության հետևանքով մեր մարզիկի փոխարեն հաղթող է ճանաչվել մեկ ուրիշը: Բայց երևանցին չի ընկճվել: Հակառակը, դրսևորել է անկոտրում կամք և առավել եռանդով է շարունակել մարզումները:
Տարիներ առաջ, անձրևոտ մի օր, << Սպարտակի >> ստադիոնում մի պատանի էր վազում: Մոտեցանք վազքուղյակին: Այնտեղ գտնվող վաստակավոր մարզիչ Սամվել Գևորգյանն ասաց , որ պատանին իր սանն է, Կարեն է անունը: Բնածին օժտված, շնորհալի տղա է և նրան մարզական լավ ապագա է սպասվում:
Մասնագետի խոսքը ապացուցվեց սանի տարած հաղթանակներով: Ըմբիշը մեդալներ է նվաճել աշխարհի,Եվրոպայի առաջնություններում և միջազգային բարձրակարգ մրցաշարերում:
Կարեն Ասլանյանի հերթական հաջողությունը գրանցվեց Սոֆիայում բոլորովին վերջերս անցկացված միջազգային օլիմպիական վարկանիշային մրցաշարում: Նա խոսուն հաղթանակներ տոնեց հաջորդաբար նորվեգացի Մորտեն Թորեսենի , ղրղզ Ամանտուր Իսմայիլովի, ֆրանսիացի Մամադասա Սիլանի, ուկրաինացի Պավրիզ Նասիբովի նկատմամբ և դարձավ մրցաշարի հաղթող: Բայց գլխավորն այն է, որ Կարենը արժանիորեն նվաճեց Տոկիոյի խաղերին մասնակցելու ուղեգիր:
Հավատանք, որ 25 –ամյա շնորհալի հայորդին 67 կգ քաշայինների պայքարում հաղթանակներ կգրանցի իր հաշվին և օլիմպիական խաղերից հայրենիք կվերադառնա մեդալով: