Ավելի քան 360 ծանրորդներ կմասնակցեն Մոսկվայում ապրիլի 3 –ին մեկնարկող Եվրոպայի առաջնությանը: Մինչ այդ, մարտի 30 –ին, մրցավայր մեկնեց ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: Նա կմասնակցի ապրիլի 1 - ին կայանալիք աշխարհամասի ծանրամարտի ֆեդերացիայի հաշվետու – ընտրական գագաթաժողովին:
Ստուգատեսը նախատեսված էր անցկացնել 2020թ. / այն համավարակի պատճառով հետաձգվեց /:
Կազմակերպիչները ցանկանում էին շքեղ մարզահանդես կայացնել, այնպիսին, ինչպիսին եղել է 38 տարի առաջ, երբ ԽՍՀՄ մայրաքաղաքում 1983 –ի աշխարհի առաջնությունն էր: Այն ժամանակ չեմպիոնի պատվանդանին կանգնեցին հայորդիներ, 20 –րդ դարի աշխարհի լավագույն ծանրորդ ճանաչված, գյումրեցի Յուրի Վարդանյանը, էջմիածինցիներ Յուրի Սարգսյանը և Օգսեն Միրզոյանը: Ի դեպ, այդ մրցաշարը նախատեսված էր անցկացնել հայոց մայրաքաղաք Երևանում վեր հառնած Ծիծեռնակաբերդի հրաշագեղ կոթող մարզահամերգային համալիրում:
Եվրոպական ստուգատեսում խաղարկվող մեդալների համար մղվող պայքարին կմասնակցեն նաև Հայաստանի երկաթախաղի հավաքականները:
Անշուշտ, մրցումը լարված բնույթ կկրի, քանզի այն նաև վարկանիշային է:
Մեր երկրի թիմերը հանդես կգան հետևյալ կազմերով. տղամարդիկ ՝ Ռաֆիկ Հարությունյան / 81 կգ, Գյումրի / , Կարեն Ավագյան / 89 կգ, Էջմիածին /, Անդրանիկ Կարապետյան / 89 կգ, Էջմիածին /, Դավիթ Հովհաննիսյան / 96 կգ, Էջմիածին /, Հակոբ Մկրտչյան / 96 կգ, Գյումրի /, Արսեն Մարտիրոսյան / 102 կգ,Էջմիածին /, Սամվել Գասպարյան / 102 կգ, Գյումրի /, Սիմոն Մարտիրոսյան / 109 կգ, Էջմիածին /, Գոռ Մինասյան / + 109 կգ,Գյումրի /, Վարազդատ Լալայան / + 109կգ, Գյումրի /, կանայք ՝ Իզաբելա Յալյան / 59 կգ, Երևան /, Լիանա Գյուրջյան / 81 կգ, Երևան / , Տաթև Հակոբյան / 87 կգ, Երևան /, Արփինե Դալալյան /+ 87 կգ, Քասախ /:
Մրցաշարը եզրագիծը կհատի ապրիլի 11 –ին :