Կորոնավիրուսի տարածման փոփոխակի չափերը տարբեր տրամադրություններ են առաջացանում: Համաշխարհային սպորտը տարակուսում է Տոկիոյի խաղերի կայանալու հարցում:
Ամեն բանից անկախ, բուն մարզիկները չեն դադարեցնում նախապատրաստական աշխատանքները: Սա վերաբերում է նաև հայոց մարզաշխարհի մարդկանց: Ահավասիկ ըմբիշները. Կիևի միջազգայինի ավարտից հետո տուն վերադարձած մեր թիմերը անմիջապես ներգրավվեցին ուսումնամարզական հավաքում: Օլիմպավանի մրցագորգերի վրա պարապողների հետ առավելապես անհատական աշխատանքներ են կատարում մասնագետները: Հասկանալի է, որ օրավուր ավելի զգալի է դառնում Տոկիոյի խաղերի շունչը. համաշխարհային հերթական գլխավոր մարզահանդեսի մեկնարկին մնացել է ընդամենը 139 օր:
Ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները ինքնամոռաց են պարապում: Նրանք լիովին տրվում են քրտնաթոր մարզումներին, նպատակով , որ հավաքականների ղեկավարների համար դառնան վստահելի, մարտնչող , անկոտրում կամք ունեցող , հաղթանակի ձգտող վարպետներ:
Առայժմ շատ են անհայտները: Այդ հարցում որոշակի պարզություն կմտցնի Բուդապեշտում մարտի 18 – 21 –ը անցկացվող եվրոպական երկրների օլիմպիական վարկանիշային ստուգատեսը: Ասենք, որ Տոկիո մեկնելու իրավունք կստանան միայն յուրաքանչյուր քաշային կարգի եզրափակիչի երկու մասնակիցները:
Հավելենք, որ հունահռոմեական ոճի մեր ըմբիշներից Կարապետ Չալյանը / 77 կգ / և օլիմպիական գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը / 97 կգ / արդեն նվաճել են Տոկիոյում մրցելու արտոնագրեր։