Տևական ընդմիջումից հետո, Երևանի նախկին << Միկա >> մարզադահլիճի տրիբունաներում կտրուկ ավելացավ մարզասերների թիվը: Նրանք եկել էին դիտելու բասկետբոլի Եվրասիական լիգայի երրորդ խաղարկության վճռորոշ ՝ եզրափակիչ խաղը: Եվ հուսախաբ չեղան, քանզի ականատես դարձան հիրավի լարված ու անզիջում պայքարի:
Լիբանանի բազմակի չեմպիոն << Ալ-Ռիադին >> և Հայաստանի չեմպիոն << Վահագնի Սիթին >> ասպարեզ ելան միայն հաղթելու նպատակով: Արդյունքում հայ մարզասերը ականատես եղավ բարձրակարգ բասկետբոլի, վարպետ կատարումների, գնդակի անվրեպ նետումների, հղկված տեխնիկայի, անակնկալներով հագեցած տակտիկական գործողությունների: Մի խոսքով երկու թիմն էլ արժանի էին հաղթանակի:
Խաղավարտին 11 վայրկյան էր մնում և ներկաներից շատերը ենթադրում էին, որ ոսկե մեդալակիր կդառնան տանտերերը, որոնք առջևում էին 75 : 73 հաշվով: Այդ միջոցին հյուրերը ստացան գնդակը խաղարկելու իրավունք: Ակնթարթորեն իրար հաջորդեցին անցումներ, գնդակի փոխանցումներ և վերջին վայրկյանին <<ալ>> խաղացող Ամիր Սաուդը կատարեց հեռահար, բախտորոշ երեք միավորանոց նետում, որից հետո նրա թիմակիցները գրկախառնվելով տոնեցին իրենց հաղթանակը 76 : 75 հաշվով: Ավաղ, հայաստանյան ակումբը բավարարվեց երկրորդ տեղով:
Մարզասերները սփոփվեցին այնքանով, որ հյուրերի կազմում հիմնական գրանցում ունեցող, ծանր հարձակվող Հայկ Գյոկչյանը գերազանց խաղով արժանացավ հատուկ մրցանակի: Սա հույս է ներշնչում , որ ՀՀ հավաքականի այդ խաղացողը նույնպես կնպաստի հայկական բասկետբոլի առաջընթացին: Ի դեպ, մրցաշարի բրոնզե մեդալակիր դարձավ Հայկի ոչ պակաս նշանավոր հայրիկի ՝ Տիգրան Գյոկչյանի գլխավորած << Դվին >> թիմը:
Հանդիպումը բարձր մակարդակով սպասարկեց ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի մրցավարական հանձնախումբը ներկայացնող Դրաստամատ Մուրադյան, Դավիթ Փանոսյան և միջազգային կարգի մրցավար Դավիթ Կիխյան եռյակը: