Բարձր տրամադրությամբ Կիևից Երևան կվերադառնան մեր ջրացատկորդները: Վեց երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված Ուկրաինայի բաց առաջնությունում , 10մ. սինքրոն աշտարակացատկում, ինչպես արդեն հայտնի է, Վլադիմիր Հարությունյան – Վարդան Բայանդուրյան երկյակը դարձավ երրորդ մրցանակակիր: Նշած զույգից Վլադիմիր Հարությունյանը պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեց նաև անհատական 10մ. աշտարակացատկում:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը հեռախոսազրույցում ասաց , որ մեկօրյա հանգստից հետո մարզումները կշարունակվեն Երևանում: Բայց միայն մեզանում պարապելով պարզապես հնարավոր չէ նվաճել օլիմպիական խաղերի ուղեգիր. սինքրոն ցատկերի համար պայման չկա: Ուստի պետք է մարզվել նաև արտերկրում: Իրադարձություններից առաջ անցնել պետք չէ, թեև գոհացնում է Վլադիմիրի ՝ Ուկրաինայում վաստակած 398 միավորը: Եթե նա կարողանա կրկնել այդ արդյունքը նաև ապրիլին նշանակված աշխարհի գավաթի խաղարկությունում , ապա խաղեր մեկնելու հավանականությունը նրա համար կմեծանա: Ի դեպ, վարկանիշային այդ մրցաշարը անցկացվելու է հենց Տոկիոյի օլիմպիական լողավազանում: