Այսօր ՝ 2020թ․ դեկտեմբերի 23 –ին կյանքին հրաժեշտ տվեց հայրենական ֆուտբոլի մեծանուն վարպետ Արկադի Գեորգիի Անդրեասյանը։
Նրա անունը դեռևս նախորդ դարի 60-ականի վերջերից մեծ տարածում ստացավ ֆուտբոլասերների շրջանում և դասվեց հեղինակավոր վարպետների շարքում:
Հիրավի, Անդրեասյանը խաղադաշտի անկրկնելի ասպետ էր, ստեղծագործում, ակնթարթային որոշումներ էր կայացնում և ճիշտ պահին գնդակը մատուցում անհրաժեշտ տեղում գտնվող թիմակցին:
Անզուգական ֆուտբոլիստ լինելով նաև անզուգական մարզիչ-մանկավարժ էր և այս մասին վկայող խոսուն փաստերը շատ են:
Երբեմն հրավիրում էինք ՀԱՕԿ, զրույցում խաղադաշտի պրոֆեսորի հետ։
Քիչ էր խոսում իր մարզական ուղու մասին, բայց մեր հիշողությունում անջնջելի է նրա հետևյալ խոսքը․ << Որպես ֆուտբոլիստ ես աճել եմ << Արարատում >>: Նշանավոր այդ թիմում եմ հղկել իմ վարպետությունը: << Արարատում >> եմ հեղինակություն ձեռք բերել, դարձել ԽՍՀՄ չեմպիոն, փոխչեմպիոն, կրկնակի գավաթակիր: << Արարատից >> գործուղվեցի ԽՍՀՄ հավաքական, որի կազմում 1972թ. դարձա օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Այն տարիներին ընտանիք կազմեցի, տուն –տեղ դրեցի . . .
Սիրասուն այդ կոլեկտիվում է անցել երիտասարդությունս: << Արարատն >> իմ կյանքն է, էությունը: Եվ ես երբեք չեմ դավաճանի նրան : Այդպես են երևի մտածում նաև բոլոր ժամանակների արարատցիները, քանզի հայտնի ասացվածքի համաձայն մարդ չպիտի պղտորի այն զուլալ առվակը, որից ջուր է խմել >>:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ցավակցում է Արկադի Անդրեասյանի ընտանիքին, բարեկամներին, թիմակիցներին և նրա խաղարվեստով հիացած անթիվ – անհամար ֆուտբոլասերներին։ Նրա անունը ոսկե տառերով է գրված հայրենական ֆուտբոլի պատմագրքում։ Անդրեասյան վարպետի ֆուտբոլային բեղմնավոր գործունեությունը անջնջելի կմնա հայ մարզասերի հիշողությունում։