Հռոմում տեղի է ունեցել Եվրոպայի օլիմպիական կոմիտեի / ԵՕԿ / 49-րդ համաժողովը: Առկա նիստին ներկա են եղել միայն ԵՕԿ-ի ղեկավարները, իսկ եվրոպական երկրների 50 ԱՕԿ – ների ներկայացուցիչները՝ հեռավար ձևաչափով: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ մեր ազգային օլիմպիական կոմիտեից մասնակցել է կազմակերպության ղեկավարի գլխավոր խորհրդական Արմեն Գրիգորյանը։ Նա համաժողովի մասին հետևյալն ասաց․ << Ասամբլեայի մասնակիցները նախ հարգեցին կյանքին հրաժեշտ տված ԵՕԿ նախկին նախագահ Յանեզ Կոչյանչիչի հիշատակը։
Բացման խոսքով հանդես եկավ ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը։ Նա նշեց, որ համավարակի պատճառով օլիմպիական շարժումը բախվել է լուրջ մարտահրավերների։ Բայց, ինչպես ասում են, չկա չարիք՝ առանց բարիքի։ Դա օգնել է ավելի ամրապնդել սպորտի դիրքերը և բնագավառը դարձնել հասարակության անբաժանելի մասը: ՄՕԿ –ը համագործակցության համաձայնագիր է ստորագրել առողջապահության համաշխարհային կազմակերպության / ԱՀԿ / հետ և ընդլայնել համատեղ աշխատանքի ոլորտները։ Թոմաս Բախը նաև ընդգծեց , որ պետք է մեծ ջանքեր գործադրել ճգնաժամը հաղթահարելու, աշխարհի բնակչության ֆիզիկական և մտավոր ունակությունները բարելավելու գործում: ՄՕԿ-ի նախաձեռնություններին աջակցում են ՄԱԿ-ը, Եվրամիությունը ու G - 20 երկրների ղեկավարները:
EOC- ի նախագահի պաշտոնակատար Նիլս Նյուգորը խոսեց Կրակովում 2023թ․ անցկացվելիք եվրոպական մարզական երրորդ խաղերի նախապատրաստական աշխատանքների մասին։
Գլխավոր քարտուղար Ռաֆայել Պանյոցին ներկայացրեց կազմակերպության ֆինանսական հաշվետվությունը և հայտնեց , որ Հունաստանում 2021-ի հոկտեմբերին նշանակված 50-րդ համաժողովը տեղի կունենա ավելի վաղ ՝ հաջորդ տարվա ապրիլի 16-ին: Կանցկացվեն նախագահի և գործկոմի անդամների ընտրություններ: ԵՕԿ ղեկավարի պաշտոնին հավակնում են Նիլս Նյուգորը և Հունաստանի ԱՕԿ –ի ղեկավար Սպիրոս Կապրալոսը: Բացի այդ, << Օլիմպիական օրակարգ - 2020 >> -ի համաձայն, գենդերային հավասարության հասնելու համար, առաջարկվեց EOC- ի գործկոմում ավելացնել կանանց թիվը, և 16 անդամներից առնվազն հինգը պետք է լինեն գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ։
ԵՕԿ գործկոմի անդամ Ջորջե Վիշացկին ներկայացրեց մինչև 2030թ․ կազմակերպության զարգացման ռազմավարությունը։ Փաստաթղթի վերջնական տարբերակը լիարժեք կհրապարակվի հաջորդ ասամբլեայում ՝ շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցելուց հետո:
Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Գունիլա Լինդբերգը և ՄՕԿ-ի << Օլիմպիական համերաշխություն >> ծրագրի ու ԱՕԿ-ների հետ համագործակցության գծով տնօրեն Ջեյմս Մաքլեդը հայտարարեցին աջակցման միջոցառումների մասին:
Եվրոպական երրորդ խաղերի համակարգող հանձնաժողովի նախագահ Հասան Արատը հրապարակեց մարզաձևերի նախնական ցանկը։ Ցուցադրվեցին Լեհաստանում կայանալիք խաղերի մրցասպարեզները։
Չեխիայի Բրնո և Վրաստանի Բորժոմի ու Բակուրիանի քաղաքները հաստատվեցին են համապատասխանաբար 2025թ․ ամառային և ձմեռային եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոների / EYOF/ մայրաքաղաքներ։
Միջոցառումն ավարտվեց Պետր Նուրովսկու մրցանակի հանձնման արարողությամբ: Պատվավոր ավարը և դրամաշնորհը ստացավ իտալացի բիաթլոնիստուհի Լինդա Ցինգերլենը ․ ․ ․ >>։