«Ամենավատն այն է, որ մեզ մոտ չի ստացվում 20 տարեկանների աշխարհի առաջնություններին ամբողջ թիմով լավագույն ձեւով մասնակցել, թեեւ ունենում ենք առանձին չեմպիոններ, մրցանակակիրներ: Այս անգամ ավելի հաջող ստացվեց: Բավականաչափ լավ արդյունք է այն առումով, որ երկուսուկես տարուց ավելի ֆեդերացիայի նախագահ չունենք ու հարմարվում ենք պետական աջակցությանը: Շնորհակալություն ՀԱՕԿ-ին, նախագահ Գագիկ Ծառուկյանին, որ ցանկացած հարցում մեր կողքին են, մարզիկներին օգնում են վնասվածքներից բուժվել եւ վերականգնվել», - ՀԱՕԿ լրատվականին տված հարցազրույցում ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:
- Ծանրորդների մասնակցությունն առանձին-առանձին կգնահատե՞ք:
- Ես ծանրորդներից լրիվ գոհ լինելու սովորություն չունեմ: Որ ծանրորդից գոհ եղա, նրա հետ չեմ աշխատի: 85 կգ քաշայիններ Դավիթ Հովհաննիսյանն ու Հակոբ Մկրտչյանը, եթե մեկական հաջող մոտեցում էլ կատարեին, մրցանակակիր էին դառնում: Ես իրենց միշտ էլ ասում եմ, որ պետք է մեդալակիրների արանքում լինեն: Խանգարեց ինքնավստահության պակասությունը: Տղաներն աշխատեցին: Չստացվեց:
105 կգ քաշային Սամվել Գասպարյանից ավելի շատ սպասելիքներ ունեի: Տաղանդաշատ տղա է: Բայց նա շատ բան պիտի փոխի, եթե ցանկանում է հաջողություններ ունենալ:
- Սիմոն Մարտիրոսյանը հրում վարժությունում երրորդ մոտեցումով գնաց աշխարհի ռեկորդի (246 կգ), բայց չստացվեց:
- Սիմոնն այդ քաշին երբեք չէր մոտեցել եւ ես շատ էի անհանգստանում նրա համար: Բայց հավատում էի: Նա մարզումների ժամանակ երկու անգամ բարձրացրել էր 240 կգ: Հիմա տեսանք, որ կարող է, եւ ես, որպես հավաքականի մարզիչ մտածում եմ, որ այդ ռեկորդը նրանն է լինելու: Ժամանակից առաջ չանցնենք: Եթե ամեն բան նորմալ ընթանա, նա դա կփորձի անել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:
- Հիմա ի՞նչ ծրագրեր ունեք:
- Մեր աշխատանքային պլանները պիտի նայեմ: Ամենայն հավանականությամբ, հուլիսի 3-ից կամ 4-ից մեծահասակներն ու երիտասարդները համատեղ հավաք կսկսեն Օլիմպավանում: Երիտասարդները պետք է պատրաստվեն Եվրոպայի, մեծահասակները՝ աշխարհի առաջնությանը: Բայց այժմվանից նշեմ, որ աշխարհի առաջնությանը մասնակցելու ենք ոչ մեծ կազմով:
-Մեծահասակների հետ համատեղ մարզումներն ու հավաքները որքա՞ն են օգտակար երիտասարդների համար:
- Հավաքականի հիմնական կազմի համար երիտասարդներին նախապատրաստել ես սկսել եմ դեռ անցած տարվանից: Նրանք մեդալներ բերում են կամ չեն բերում, մոտ են, թե՝ ոչ, այս փուլում գլխավորը չէ, թեեւ մեդալների համար պետք է պայքարեն: Հակառակ դեպքում ինչո՞ւ են մեկնում: Մինչեւ օլիմպիական խաղեր գրեթե բոլոր մեկնարկները ես դիտարկում եմ որպես փորձամրցում մարզչիների, մարզիկների համար: Մեդալները մարզիչների եւ ծանրորդների աշխատանքի գնահատականն են: Բայց ես հիմա ավելի շատ կարեւորում եմ երիտասարդների կայուն մրցելույթները, նրանց բարձրացրած կիլոգրամների կայուն դրական աճը եւ, ընդհանրապես, կարգապահ մասնակցությունը: Ի վերջո, նրանք են վաղվա օրը: Այսօր աշխարհի երիտասարդական առաջնության մասնակիցների շուրջ 50 տոկոսը 2020 թվականի օլիմպիական խաղերի մասնակիցներն են:
- Տղամարդկանց քաշային կարգերից մեկը կրճատվում է: Լինելու են տղամարդկանց եւ կանանց յոթական քաշային կարգեր: Ո՞րն է դուրս գալիս:
- Դեռ պարզ չէ: Աշխատանքային գործընթաց է, որը շարունակվում է: Ազգային ֆեդերացիաները պետք է ներկայացնեն իրենց առաջարկները: Դրանք ամփոփվելու են աշնանը՝ ԱՄՆ-ում աշխարհի առաջնության ընթացքում կայանալիք IWF համաժողովում եւ ուժի մեջ մտնելու են 2018 թվականից: Ասեմ նաեւ, որ հաջորդ օլիմպիական խաղերում ազգային ֆեդերացիաներին տրվելու է տղամարդկանց առավելագույնը չորս ուղեգիր: