ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԻԱԿՆ Է

11:35 - 02 Դեկ, 2020

Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամները տեղեկացվել  են կազմակերպության նախագահի ընտրության մասին: Այդ պաշտոնին հավակնում է ՄՕԿ-ի ներկայի ղեկավար Թոմաս Բախը։ Նա իր  մտադրության մասին հայտնել էր դեռևս ամռանը։  Թեկնածուների առաջադրման ժամկետն ավարտվել է  նոյեմբերի 30-ին: Այլ դիմողներ չեն գրանցվել: 

Ընտրությունները տեղի կունենան ՄՕԿ-ի 137-րդ նստաշրջանում, որը  նշանակված է  Աթենքում ՝ 2021թ․ մարտի 10-12-ը: 

Ենթադրվում է, որ ի տարբերություն նախորդ  համաժողովի, որը համավարակի պատճառով  անցկացվեց առցանց եղանակով, պատվիրակները կկարողանան անձամբ մասնակցել Հունաստանի մայրաքաղաքում անցկացվելիք նիստին։  Այնուամենայնիվ, չի բացառվում, որ այն  կրկին կազմակերպվի հեռավար  ռեժիմով:

ՄՕԿ-ի գործկոմի  որոշումով  նորընտիր նախագահը պաշտոնը կստանձնի << Տոկիո -2020 >>  օլիմպիական խաղերից հետո։

Վերընտրվելու դեպքում Բախի պաշտոնավաման  ժամկետը կավարտվի 2025 թվականին:

1976թ․ Մոնրեալի  օլիմպիական  խաղերի չեմպիոն / սուսերամարտ /  Թոմաս Բախը ՄՕԿ –ի  ղեկին է 2013 թվականից։ Նա  մարզիկների հանձնաժողովի հիմնադիրներից է և  կազմակերպության  անդամ  է 1991-ից:

 

Այլ նորություններ