Հռոմի օլիմպիական խաղերում, ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցել են նաև Հայաստանի պատվիրակները։ Նրանցից չեմպիոնական պատվանդանին է կանգնել հանճարեղ մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը։ Նրա մարզական սխրանքները տասնյակներով են հաշվվում և այդ ամենի մասին գրվում և խոսվում է ավելի քան 70 տարի։ Հայաստանի և ընդհանրապես համաշխարհային մարզասերը մեր քայլող լեգենդի կենսագրությանը քաջատեղյակ է։ Թերևս այս անգամ բավարարվենք նրա հռոմեական մրցելույթները ներկայացնելով։
Ալբերտ Ազարյանի համար Հռոմի խաղերը երկրորդն էին։ Իտալացի մարզասերը, սակայն, նրան ճանաչել է դեռևս 1954 - ին, սպորտային մարմնամարզության աշխարհի 13 –րդ առաջնությունում / ի դեպ, դա խորհրդային մարզիկների առաջին մասնակցությունն էր աշխարհի առաջնությունների պատմությունում/։ Ի զարմանս շատերի, բացահայտ առավելությամբ ԽՍՀՄ պատվիրակները հաղթեցին ու նվաճեցին աշխարհի չեմպիոնի կոչումը։ Ամենաջերմ համակրանքի արժանացավ Ալբերտ Ազարյանը։ Գեղեցիկ կազմվածքը, օղակների վրա աներևակայելի բարդ տարրերով համակցությունները գերեցին հանդիսականին։ Տրիբունաներում չէին դադարում հիացական բացականչությունները։ ԽՍՀՄ լենինգրադյան առաջնությունից հետո, նա համաշխարհային մարզասերին առաջին անգամ ներկայացրեց իր ՝ ԱԶԱՐՅԱՆԱԿԱՆ խաչը․ ուղղահայաց դիրքում մարմնի աջ և ձախ դարձումներով։
Եվ ահա կրկին Հռոմ, օլիմպիական խաղեր, հնամենի բացօթյա մրցասպարեզի տրիբունաները ծանրաբեռնած << անթիվ-անհամար >> մարզասերներ, նրանց թվում ՝ իր գեղեցկուհի կինը ՝ մարմնամարզությունից ԽՍՀՄ սպորտի վարպետ Ելիզավետա Ազարյանը և անձնական մարզիչ , ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Սեմյոն Ղարագյոզյանը։
Ազարյանին սպասում էր համաշխարհային մարզասերը, իսկ հայորդին << ոսկի >> նվաճելու հույս էր փայփայում։ Եվ նա իրենն արեց, նվաճեց թվով իր երրորդ օլիմպիական ոսկե մեդալը։ Կապակցությունն ավարտելուց հետո, իր կատարումներով կախարդված մարզասերների լուռ հայացքի ներքո, օղակների արքան վարցատկով << մեխվեց >> հարթակին։ Ստադիոնում մի պահ տիրեց քար լռություն և հետո միայն վեհացած հանդիսականը գիտակցեց, ընկալեց իրականությունը ու ծափ զարկեց << Հավերժական քաղաք >> Հռոմը խլացնելու աստիճան։ Մրցավարները չեմպիոնին գնահատեցին ամենաբարձր՝ 10 միավորով։ Մարզասերը դա քիչ էր համարում և պահանջում էր բարձրացնել միավորների քանակը։ Բայց կանոնադրությունում նման կետ, պայման չկար։
Համաշխարհային մամուլը հեղեղվեց Ազարյանի մասին պատմող հիացական հոդվածներով ու լուսանկարներով։ Հռոմը ավելացրեց հայ մարզիկի ճանաչումն ու փառքը։ Բոլորին գերել էր առաջին քրիստոնյա երկիր Հայաստանի պատվիրակի օղակների վրա կատարած << հայկական խաչը >>։
Ասենք, որ Ազարյանի հիշողությունում անջնջելի է սիրելի մարզիչ Սեմյոն Աբրահամի Ղարագյոզյանը։ Ամեն առիթով վարպետը պատառիկներ է պատմում ուսուցչի մասին իր հուշերից և հավելում, որ հաղթանակների համար պարտական է Հայաստանում մարզաձևի տարածման ու զարգացման ջատագով իր մարզչին։
Ալբերտ Ազարյանը ծնվել է 1929 թ. փետրվարի 11 –ին : 1949 թ. նրա ընտանիքը Վանաձորից տեղափոխվել է Երևան :
Թեև բավականին ուշ է սկսել պարապել մարմնամարզությամբ , բայց չափազանց կարճ ժամանակում անվանի է դարձել Հայաստանում, ԽՍՀՄ - ում և ավելի քան 15 տարի եղել է անպարտելի : Նա հայաստանցի միակ մարդն է , ով 11 անգամ հռչակվել է ԽՍՀՄ չեմպիոն / օղակներ , զուգափայտ, պտտաձող մրցաձևերում / : Աշխարհի քառակի, Եվրոպայի բազմակի ոսկե դափնեկիր է և աշխարհի միակ հայ մարզիկն է , ով կրում է օլիմպիական խաղերի եռակի չեմպիոնի պատվավոր կոչումը :
Ազարյանական լեգենդը ճյուղավորվել, տարածվել է աշխարհով մեկ : Քրիստոնյա հայ ժողովուրդը չափազանց բարձր է գնահատում իր եռակի խաչակրին, քանզի նա առաջինն է կատարել ԱԶԱՐՅԱՆԱԿԱՆ ԽԱՉԸ և այն գրանցել մարմնամարզության միջազգային անվանակոչության տարեգրության չեմպիոնական պատմագրքում :
Ազարյանի ստեղծած ընտանիքը երևի թե աշխարհում միակն է, որն ունի միևնույն ` սպորտային մարմնամարզություն մարզաձևում օլիմպիական խաղերի երկու չեմպիոն` գումարած նաև չեմպիոնական ընտանիքի մայրը ։Նկատի ունենք մոսկովյան օլիմպիական խաղերի ոսկե դափնեկիր որդուն ` Էդվարդ Ազարյանին և տիկնոջը` վաստակավոր մարզիչ Ելիզավետա Ազարյանին։
Ալբերտ Ազարյանն արժանացել է ԽՍՀՄ, ՀԽՍՀ և անկախ Հայաստանի բարձրագույն պարգևներին և կոչումներին : Այդ ամենով հանդերձ, նա երբևիցե չի տառապել աստղային հիվանդությամբ ու մնացել է նույն համեստ , հասարակ հայ մարդը :
Հենց այս հատկանիշներով է մշտապես վեր բարձրացել նա, մարդ, ում համար կարևորը իր հիմնադրած մարզադպրոցում օրնիբուն լինելն է , փոքրիկներին մարմնակրթության դասեր տալը , առնական տղամարդ ու հայ քաջարի զինվոր դաստիարակելը :